Home / Հայաստան / Հայաստանի տնտեսությունը հեռու է նախաճգնաժամային վիճակից. փորձագետ

Հայաստանի տնտեսությունը հեռու է նախաճգնաժամային վիճակից. փորձագետ

Հայաստանի այս տարվա մակրոտնտեսկան ցուցանիշները հեռու են նախաճգնաժամային տնտեսական վիճակին համեմատվելու համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ներակայացրել վերջին 7 ամսվա վիճակագրական տվյալները:

«Համախառն ներքին արտադրանքը 2010 թվականի վերջին 7 ամիսների ցուցանիշի համաձայն կազմում է 4.37 մլրդ դոլար: Եթե նման տեմպերով շարժվենք, ապա տարվա վերջին կունենանք 7.4 մլրդ դոլարին համարժեք ՀՆԱ,- ասել է Սաֆարյանը և համեմատության համար նշել 2008 թվականի` նախաճգնաժամային տարվա 11.2 մլրդ դոլարին համարժեք ՀՆԱ-ն: – Այսպիսով, թվերը ցույց են տալիս, որ մենք դեռ շատ հեռու ենք 2008 թվականի նախաճգնաժամային վիճակը հաղթահարելուց»:

Ինչ վերաբերում է արդյունաբերական մեր գործունեությանը, ապա առաջին 7 ամիսների տվյալներով մեր արդյունաբերության համախառն արտադրանքը կազմում է 434 մլրդ դրամի համարժեք ապրանքներ, դա կազմում է ՀՆԱ-ի 27%, իսկ 2008  թ.-ին տոկոսային առումով արդյունաբերության ցուցանիշը եղել է 22%:

«Պետք է ասեմ, որ 5%-ով արդյունաբերության մեջ աճ է նկատվում», – նշել է Սաֆարյանը:

Նա նաև անդրադարձել է ՀՀ տնտեսության ընդհանուր համախառն ներքին արդյունքի մեջ այլ բնագավառների ցուցանիշներին:

«Գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 189 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 11.9%: 2008 թվականին մենք ունեինք գյուղատնտեսություն, որը տարվա վերջին տվյալներով 633 մլրդ դրամ էր կազմում, իսկ դա ՀՆԱ-ի մեջ կազմում էր 21-22%: Գրեթե 2 անգամ մեր գյուղատնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մեջ պակասել են:
Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա գիտենք, որ 2008-ին շինարարության բում ունեինք. այն կազմում էր 842 մլրդ դրամ, իսկ հիմա մեր շինարարական աշխատանքների ծավալը 225 մլրդ դրամին համարժեք աշխատանքներ են, իսկ դա կազմում է ՀՆԱ-ի 14.2%-ը, որը զգալի նվազել է 2008 թվականին գրանցված 27%-ից:
Դա նշանակում է, որ մենք գրեթե 2 անգամ կորցրել ենք մեր շինարարության ծավալները և տեմպերը», – ասել է Սաֆարյանը:

Անդրադառնալով վերջին 7 ամսվա արտաքին առևտրաշրջանառությանը, Վազգեն Սաֆարյանը ներկայացրել է հետևյալ տվյալները. 2.5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենք, որից 512 մլն դոլարի ապրանքներ արտահանել ենք, իսկ 2 մլրդ 36 մլն դոլարի ապրանքներ ներմուծել ենք` համամասնությունը կազմում է 1-ը 4-ի:

Եզրափակելով իր խոսքը, Սաֆարյանը ցավով նշել է, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել ճգնաժամային ժամանակշրջանում հայրենական ապրանքների սպառման խթանման համար:

Tekali Taxi