2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հայկական ժամանակ». Հարց վարչապետին, և միկրոֆոնը շը՞խկ

Օրաթերթի փոխանցմամբ` երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Արթիկ կատարած այցելության լուսաբանման ընթացքում նրա թիկնապահները խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության թղթակցի ու օպերատորի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը` հեռուստաընկերությանը պատճառելով բարոյական ու նյութկան վնաս:

Վարչապետը Արթիկ էր այցելել` մասնակցելու նոր մշակույթի տան բացման արարողությանը, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով` ամերիկահայ նշանավոր քանդակագործ և նկարիչ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն: Նրա թիկնապահները սահմանափակել են քաղաքացիների` սոցիալական դժգոհություններ պարունակող  նամակները և որոշակի քանակից հետո հրաժարվել են դրանք փոծանցել վարչապետին: Ըստ միջոցառման մասնակիցների` այդպիսի խնդիրներից դժգոհող քաղաքացիներից շատերին էլ ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանը փորձել է ցրել, հեռացնել տարածքից, որ հանկարծ չփչանա այն քնքույշ ու ջերմ մթնոլորտը, որ երկար աշխատանքի արդյունքում տեղական իշխանությունները կարողացել են ստեղծել վարչապետի այցի առիթով: Ըստ ականատեսների` բոլորն ամեն ինչ արել են, որ վարչապետը չհիշի տնտեսական ճգնաժամի մասին և շարունակի հավատալ, որ Հայաստանը դուրս է եկել այդ ճգնաժամից: Տիգրան Սարգսյանի այդ քաղցր անուրջը պահպանելու նպատակով էլ վարչապետի թիկնապահները և օգնական Արամ Անանյանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ լարվել են. բանն այն է, որ «ԳԱԼԱ»-ի թղթակից Քրիստինե Մկրտչյանը վարչապետի օգնական Արամ Անանյանին հայտնել է, որ ինքը հարց ունի Սարգսյանին: Նրա թիկնապահներն ու օգնականը սկսել են հետևել թղթակցին, հորդորել ոչ մշակութային հարց չտալ: Իսկ ավելի ուշ, երբ լրագրողը համարձակվել է «թեմայից շեղված» հարց տալ, «պատահաբար» պոկվել է նրա միկրոֆոնի լարն ու միկրոֆոնը վայր է ընկել:

«Ի տարբերություն Երևանից բերված 20 լրագրողների, ես վարչապետին ուզում էի ուղղել ոչ թե մշակութային հարցեր, այլ նորակառույց «Մուշ 2» թաղամասում առաջացած խնդիրների մասին, քանի որ շիրակցիներին հուզող առաջնային հարցերից մեկն է դա: Երբ հարցս ուղղեցի, մեկ էլ զգացի, որ միկրոֆոնս ընկավ, հետո` հենակալը: Բարձր աղմուկ լսվեց: Հետ շրջվեցի, տեսնեմ թիկնապահն էր կանգնած: Վարչապետի օգնական Արամ Անանյանը ներողություն խնդրեց, ձեռքս սեղմեց, փորձում էր կատակի տալ»,-մեր թղթակցի հետ զրույցում պատմել է «ԳԱԼԱ»-ի թղթակից Քրիստինե Մկրտչյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը` դատապարտելով լրագրողի աշխատանքը խոչընդոտող արարքը: