Գլխավոր / Армения / Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Կալիֆորնիա նահանգում գտնվող Սան-Բրունո քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի պատճառով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է CNN-ը`հղում կատարելով փրկարարական ծառայություններին:

Հրդեհը Սան-Բրունո քաղաքում սկսվել է սեպտեմբերի 9-ի գիշերը, որին հուժկու պայթյուն է նախորդել: Պայթյունի և ուժեղ քամու հետևանքով կրակը շատ արագ տարածվել է` ոչնչացնելով ավելի քան 54 շենք: Վնասվել է նաև 120 շինություն, հաղորդում է Associated Press-ը:
Իշխանությունների տվյալներով` 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց տարբեր աստիճանի այրվածքներով: Կալիֆորնիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը մտահոգված է, քանի որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել:
Ոչ պաշտոնական աղբյուրների հավաստմամբ զոհերի թիվը հասել է 3-ի:

Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն: