Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ընդունված չէ սեփական կարծիք ունենալ. մասնագետ

Հայաստանում ընդունված չէ սեփական կարծիք ունենալ. մասնագետ

Հայ հասարակության մեջ դրսևորվում է երկու հիմնական վախ` վաղվա օրվա վախը, որը ստեղծում է մի իրավիճակ, երբ մարդը ոչ միայն համոզված չէ` վաղվա օրը կլինի իր մոտ, թե ոչ, այլ վախենում է նույնիսկ մտածել և որևէ բան ծրագրել: Երկրորդը ակտիվության վախն է, երբ մարդիկ խուսափում են որևէ կերպով իրենց դրսևորելուց:

Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը:

«Այսօր մենք վախենում ենք ամենակարևորից` ունենալ արժանապատվություն և հաստատել մեր իրավունքը», – փաստեց մասնագետը`, նշելով, որ այս երևույթն ունի «ձեռքբերովի անօգնականություն» տերմինը: Ոսկանյանը կործանարար է համարում նման երևույթները հասարակության համար:

Մասնագետն ապատիա համարեց հասարակության ակտիվ չմասնակցելը ցույցերին կամ հնչեղություն ստացած խնդիրների լուծմանը: «Երբ որ փոփոխվում են մարդկային արժեքները, մարդիկ չգիտեն, ինչի ետևից գնան», – ասաց Ոսկանյանը` հավելելով, որ անպայման չէ մասնակցել ցույցի, բավական է գոնե ունենալ սեփական կարծիքը:

Ըստ մասնագետի, Եվրոպա այցելած մարդիկ սկսում են ազատորեն իրենց կարծիքն արտահայտել, իսկ նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ ապրում են Հայաստանում, կարծիքները «հանգչում» են:

«Երևի թե մեզ մոտ ընդունված էլ չի սեփական կարծիք ունենալ», – եզրակացրեց Ոսկանյանը:
 
Բացի այդ, նա ասաց, որ Հայաստանում կանանց ավելի հեշտ է օգնել, քան տղամարդկանց, որովհետև վերջիններս ավելի փակ են.

«Օրինակ, հայրը ունի արդեն հոգեբուժական խնդիրների չափի հասնող հետապնդման ֆոբիա, տուժում է ամբողջ ընտանիքը: Ամբողջ ընտանիքը գալիս է օգնություն ստանալու, բացի հենց այն մարդուց, որը հիմնական կրողն է խնդրի»:

Tekali Taxi