Գլխավոր / Армения / Դինքի մրցանակը ստացան իսպանացի դատավորը և բանակի դեմ պայքարող շարժումը

Դինքի մրցանակը ստացան իսպանացի դատավորը և բանակի դեմ պայքարող շարժումը

Սեպտեմբերի 15-ին Ստամբուլում կայացավ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող աձանց»:

Այս տարի մրցանակը հանձնվում էր երկրորդ անգամ: Հրանտ Դինքի ծննդյան օրը լրագրողի անվան միջազգային մրցանակին արժանացավ իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը: Թուրքիայից մրցանակին արժանացավ «Գիտակցված բողոքի» շարժումը, որի անդամներն արդեն մի քանի տարի է հրաժարվում են ծառայել թուրքական բանակում, պայքարում են ռազմական հասարակության դեմ և իրենց հայացքների համար հետապդնումների են ենթարկվում:

Ինչ վերաբերում է Բալտասար Գարսոնին, ապա նա հայտնի էր դարձել դեռևս նախորդ դարի 90-ականներին մի շարք աղմկահարույց գործերով: Հենց Բալտասար Գարսոնը 1996 թվականին սկսել է Արգենտինայում խունտայի տարիներին կորած Իսպանիայի 320 քաղաքացիների գործով հետաքննությունը:

Գարսոնը միջազգայնորեն հայտնի դարձավ 1998 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ դատարան ուղարկեց Չիլիի նախկին նախագահ Աուգուստո Պինոչետին վերաբերող գործը, որում բռնապետը մեղադրվում էր ցեղասպանություն իրագործելու և ահաբեկչության մեջ:

2000 թվականին Գարսոնը դիմել է Եվրոպական խորհրդարան` պահանջելով իրավաբանական անձեռնմխելիությունից զրկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պետական փաստաթղթերը կեղծելու համար, իսկ 2009 թվականին դատավորը գործ է հարուցել Գուանտանամո ամերիկյան բանտում կտտանքների և տանջանքենրի ենթարկված մարդկանց բողոքների հիման վրա: Դրանից հետո Իսպանիայի դատական ատյանները պայքար սկսեցին Գարսոնի դեմ` որոշում կայացնելով չքննել այլ երկրների քաղաքացիներին վերաբերող գործերը, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի սահմաններից դուրս:

2010թ. Գարսոնի վրա քրեական գործ է հարուցվել այն մեղադրանքով, որ դատավորը սկսել է հետաքննել Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին մասսայական սպանությունների փաստը, թեև մեղադրյալներից մի մասն արդեն համաներման տակ էին ընկել: Դա, ըստ իսպանական դատական ատյանների, օրենքի խախտում է հանդիսացել:

Նշենք, որ Գարսոնը 2008 թվականին էր նախաձեռնել սույն հետաքննությունը և Իսպանիայի դատական և կրոնական մարմիններին էր հանձնել ավելի քան 130,000 մարդկանց անուններ, ովքեր քնդակահարվել էին ֆաշիստական ռեժիմի կողմից:

Այժմ Գարսոնին հեռացրել են աշխատնքից Իսպանիայում և նա հանդիսանում է Հաագայի միջազգային քրեական դատարանի խորհրդատու:

Նշենք, որ մրցանակաբաշխության արարողության ժամանակ նվագել են մի շարք հայտնի երաժիշտներ, որոնց թվում նաև թուրքահայ Արտո Թունչբոյաջյանը:

Tekali Taxi