Գլխավոր / Армения / Ուկրաինայի դեսպանը հրաժեշտ տվեց վարչապետին

Ուկրաինայի դեսպանը հրաժեշտ տվեց վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել մեծ հայագետի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը և կարևորվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2011 թվականի սկզբին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թվականի նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն։

Հանդիպման ավարտին Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Ազգային օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից:
 

Tekali Taxi