Գլխավոր / Հայաստան / «Արմենտելը» տուգանվել է կես միլիոն դրամով

«Արմենտելը» տուգանվել է կես միլիոն դրամով

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել անբարեխիղճ մրցակցության համար  պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ:

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»:
 
Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեև մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:

Նիստի ընթացքում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մասնավորապես նշել է.

«Մոդեմը տրամադրվում է, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է կատարել նաև միացումներ, որոնք ինքնուրույն կատարելու դեպքում սպառողները որոշակի դժվարությունների են հանդիպում, իսկ երբ զանգահարում են «ԱրմենՏելի» «100» հեռախոսահամարին, ապա նրանց ուղղորդում են օգտվել համակարգչային միացումներ իրականացնող վճարովի ծառայությունից, որն արժե 3000 դրամ»:

Հանձնաժողովի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ «Hi-Line» ծառայությունն ակտիվացնելու և ծառայության սակագնային տարբերակն ընտրելու մասին դիմում-հայտի մեջ նշված է, որ  «Hi-Line» ծառայության ակտիվացման համար սպառողը պետք է վճարի 4800 դրամ:

Այս ամենը հաշվի առնելով` Հանձնաժողովը որակել է «Արմենտելի» գործողությունները որպես Ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում` որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 000 դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը և փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետևանքով տուժած սպառողների կրած վնասները:

Tekali Taxi