Գլխավոր / Армения / Բորիս Նավասարդյանը պատասխանեց մեղադրանքներին

Բորիս Նավասարդյանը պատասխանեց մեղադրանքներին

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանել է
Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդի` իրեն` պաշտոնից հեռացելու որոշմանը և մեղադրանքներին:

Բորիս Նավասարդյանի հայտարարության ասվում է.

«Շատ տհաճ բան է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի Ազգային պլատֆորմի (ՀԱՊ) Համակարգող խորհրդում (ՀԽ) տիրող իրավիճակը հրապարակային քննարկման թեմա դարձնելը: Սակայն այդ մարմնի` ս.թ. սեպտեմբերի 16-ի որոշումները և սեպտեմբերի 23-ին` դրան վերաբերող մամլո հաղորդագրություն տարածելը ստիպում են ինձ հանդես գալ պատասխան հայտարարությամբ: Ընդունված որոշումները, մասնավորապես, ինձ` որպես Հայաստանի ազգային համակարգողի, անվստահություն հայտնելը համարում եմ միանգամայն չհիմնավորված, Համակարգող խորհրդի իրավասությունից դուրս և բացառապես ՀԽ մի քանի անդամների անձնական չբավարարված ամբիցիաներով պայմանավորված որոշում:

Այս տարվա օգոստոսի վերջին տեղեկատվություն հրապարակվեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի երկրորդ հանդիպման մասնակիցների վերջնական ցուցակի հաստատման մասին: 2010թ. նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայանալիք այդ միջոցառման նախապատրաստությունը, որը կոչված է Եվրամիության այս կարեւորագույն նախաձեռնությունում հերթական ծանրակշիռ քայլը դառնալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացման ուղղությամբ, մտավ ավարտական փուլ: Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես հնարավորություն են ստացել 26 պատվիրակների միջոցով իրենց գաղափարները, առաջարկությունները, նախաձեռնությունները ներկայացնել ՔՀՀ համաժողովին, մյուս երկրների իրենց գործընկերների հետ փոխանակել տարբեր ոլորտներում Արեւելյան գործընկերության առաջնայնությունների իրականացման ծրագրեր:

Ցավոք, ՔՀՀ Հայաստանի Ազգային պլատֆորմի Համակարգող խորհրդում ստեղծված իրավիճակը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ՔՀՀ բեռլինյան հանդիպման նախաշեմին արդյունավետ գործունեություն իրականացնելու համար: Հայաստանի քաղաքացիական հասարակությունում մեծ հույսեր էին կապում Հայաստանի Ազգային պլատֆորմի հետ: ՔՀՀ 2009թ. նոյեմբերին կայացած առաջին հանդիպումից անմիջապես հետո նրա հայաստանյան մասնակիցները Ազգային համակարգողի առաջարկությամբ միավորվեցին Նախաձեռնող խմբում եւ ձեռնամուխ եղան Ազգային պլատֆորմի ստեղծման գործին: Աշխատանքը հաջողությամբ պսակվեց` 2010թ. հունիսի 7-ին, ԱլԳ վեց երկրներից առաջինը Հայաստանում Ազգային պլատֆորմի հիմնադրմամբ, որը միավորեց 145 ոչ կառավարական կազմակերպությունների, ընտրվեց Համակարգող խորհուրդ, ձեւավորվեցին 4 աշխատանքային խմբեր:

Այդուհանդերձ, հիմնադիր ժողովի ժամանակ արդեն իսկ հնչեց տագնապի ազդանշան. մասնակիցների մեծամասնությունը հրաժարվեց ընդունել համակարգող խորհրդի ընտրության վերաբերյալ Նախաձեռնող խմբի առաջարկությունները, եւ որոշակի պահերի ժողովն ընթացավ առճակատման մթնոլորտում: Արդյունքում` պլատֆորմի ղեկավար մարմնում չընդգրկվեցին մի քանի կազմակերպություններ, որոնք զգալի ավանդ ունեին պլատֆորմի ձեւավորման ու Եվրամիության նախաձեռնությունները Հայաստանում կյանքի կոչելու գործում: Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Համակարգող խորհուրդն իր ներկայիս կազմով չկարողացավ շարունակել Նախաձեռնող խմբիª իր առջեւ դրված խնդիրները հետեւողականորեն եւ կառուցողական կերպով լուծելու ավանդույթը: ՀԽ-ում փորձում են իրենց խոսքն առաջ տանել մարդիկ, ովքեր նպատակամղված են ոչ թե արդյունավետ աշխատանքի, այլ ձգտում են սեփականաշնորհել Նախաձեռնող խմբի ձեռքբերումները, վերահսկել Ազգային պլատֆորմը, իրենց պարտադրանքները հղել «առանց նման իրավասություն ունենալու» Ազգային համակարգողին եւ ՔՀՀ Ղեկավար կոմիտեին:

Համակարգող խորհրդի առաջին նիստի ժամանակ Ազգային համակարգողի նախագահությամբ քննարկվեցին ՀԱՊ հետագա ամրապնդմանը եւ բեռլինյան հանդիպմանը նախապատրաստվելուն առնչվող հարցեր: Մասնավորապես, որոշվեցին համաժողովում ձեւավորված աշխատանքային խմբերի հավաքների կազմակերպման եւ ՔՀՀ 2-րդ հանդիպմանը ներկայացվելիք համապատասխան առաջարկությունների մշակման հարցերով պատասխանատուները: Ազգային համակարգողն այդ ժամանակահատվածի համար իր վրա լրացուցիչ պարտավորություններ չվերցրեց, քանի որ կենտրոնացած էր ՔՀՀ բեռլինյան հանդիպման մասնակիցների ընտրության ընթացքի, ՔՀՀ Ղեկավար կոմիտեիª իր նախագահությամբ կայանալիք հերթական նիստի նախապատրաստության եւ այլª Ազգային պլատֆորմի գործունեության հետ անմիջականորեն չառնչվող հարցերի վրա: Ոչ կառավարական կազմակերպությունները, Ազգային պլատֆորմում ձգտելով առաջնորդության եւ Նախաձեռնող խմբի դերի ժառանգման, բոլոր հնարավորությունները ստացան իրենց ընդունակությունների եւ կազմակերպչական հմտությունների դրսեւորման համար:

Սակայն գործը տապալվեց. ՀԱՊ աշխատանքային խմբերի անդամները երեք ամսվա ընթացքում իրենց ինքնաառաջադրված պատասխանատուներից գործունեության ծրագրերի մասին ոչ մի ազդանշան չստացան: Ավելին, իրենց վրա քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի պատասխանատվությունը վերցրած եւ Համակարգող խորհրդում ներկայացված կազմակերպություններն այդպես էլ հիմնադիր ժողովի նախագահին չներկայացրին համապատասխան արձանագրությունները, չնայած ժողովից արդեն ավելի քան 3 ամիս է անցել: Այսպիսով, այդ կարեւորագույն հիմնադիր փաստաթղթերը մնացել են անստորագիրª հարուցելով թե Ազգային պլատֆորմի, թե նրա ընտրովի մարմնի գոյության եւ գործունեության լրջությանն ու օրինականությանն առնչվող հարցեր: Այս խնդիրներն էլ ավելի արդիական են դարձել ՀԽ անցյալ շաբաթ կայացրած որոշումների լույսի ներքո:

Անցած երեք ու կես ամսվա ընթացքում Համակարգող խորհրդի միակ օգտակար գործողությունը մասնակցությունն էր Ազգային համակարգողի կողմից բեռլինյան հանդիպման մասնակիցների «կարճ ցուցակի» ձեւավորմանը: Սակայն այստեղ եւս ՀԽ անդամների մեծ մասը, որոնք հետագայում քննադատական արշավ ծավալեցին, ակտիվություն չդրսեւորեցին եւ չօգտվեցին ընտրության ընթացքի վրա իրապես ազդելու հնարավորությունից: ՀԽ 21 անդամներից միայն 13-ն ինչ-որ կերպ արձագանքեց «կարճ ցուցակի» ձեւավորմանը մասնակցելու հրավերին, եւ միայն 9 հոգի այս կամ այն կերպ իրենց կարծիքն արտահայտեցին թեկնածուների վերաբերյալ: Իրենց կարծիքը չարտահայտած ՀԽ անդամների այդօրինակ պասսիվությունը տարբեր բացատրություններ կարող է ունենալ. ա) նրանք քննարկման հրավերը չեն ստացել տեխնիկական պատճառներով (այդպիսիք, ինչպես պարզվեց, փոքրամասնություն էին կազմում), բ) վստահել են իրենց գործընկերների ընտրությանը եւ չեն արտահայտվել ժամանակի սղության պատճառով (այդպիսիք նույնպես շատ քիչ էին), գ) համաձայն չեն եղել ընթացակարգի հետ եւ հայտարարել են այդ մասին ուղղակիորեն նման դիրքորոշում ոչ ոք չի արտահայտել, դ) գործընթացին կարեւորություն չեն տվել եւ զլացել են դրա վրա ժամանակ ծախսել, և չեն ցանկացել իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ նախընտրել են իրենց իրավունք վերապահել քննադատել նրանց, ովքեր ստանձնել են նման պատասխանատվություն: Ցավոք, ինչպես իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, հենց վերջին երկու պատճառները բավական էական դեր խաղացին:

Փոխանակ իրենց ուղղակի պարտականությունները կատարելու` Համակարգող խորհրդի մի քանի անդամներ իրենց ջանքերն ուղղեցին բեռլինյան հանդիպման մասնակիցների ընտրության գործում Ազգային համակարգողի գործողությունների քննադատությանը: Չնայած ընտրությունների մեխանիզմի ծայրաստիճան թափանցիկությանը, Ազգային համակարգողի կողմից Համակարգող խորհրդին ընտրությունների ընթացքի եւ արդյունքների մասին ներկայացված մանրամասն տեղեկատվությանը, ինչից հետո պետք է որ որեւէ կասկած չլիներ սահմանված ընթացակարգերին արդյունքների համապատասխանության վերաբերյալ, ՀԽ մի շարք անդամներ շարունակեցեն կասկածել ընտրության օրինաչափությանը: Վերը նշվածից հետո թերեւս անգամ ավելորդ է ընդգծել, որ բոլորովին էլ ոչ պատահականորեն` ամենաակտիվ քննադատները եւ նրանք, ովքեր չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, հիմնականում ՀԽ միեւնույն անդամներն էին:

Այս ամենը վկայում է Համակարգող խորհրդում աշխատանքային առողջ մթնոլորտի բացակայության, ՀԽ որոշ անդամների կողմից, որոնք ՀԽ-ն դիտում են որպես ուրիշների ջանքերի արդյունքների յուրացմամբ սեփական հեղինակության եւ վարկի բարձրացման միջոց եւ ցատկահենարան` ՔՀՀ միջոցառումներին երաշխավորված մասնակցության եւ այլ արտոնություններից օգտվելու համար, խորհրդի գործառույթների եւ առաքելության սխալ ընկալման մասին:

Համակարգող խորհրդում տիրող ապակառուցողական միտումներն արդեն ունեցել են բացասական հետեւանքներ. ինչպես վերեւում նշվեց, ձախողման վտանգի տակ է հայտնվել Ազգային պլատֆորմի աշխատանքային խմբերում բեռլինյան հանդիպման նախապատրաստական աշխատանքը, ՀԽ անդամությունից նրա երկու անդամների այդ թվում Ազգային համակարգողի հրաժարվելու մասին հայտարարությունը, լրջորեն խաթարվել է Ազգային պլատֆորմի հեղինակությունը, որի ստեղծման համար այդքան ջանք ու ժամանակ է ծախսվել: Ուշագրավ է, որ Ազգային համակարգողին (ինչպես նաեւ ՔՀՀ բեռլինյան հանդիպման մասնակիցների ընտրության ընթացքին) անվստահություն հայտնելու մասին վերջին որոշումներն ընդունվել են ՀԽ նույնիսկ ավելի պակաս թվով անդամների կողմից, քան ՙկարճ ցուցակի՚ կազմմանը մասնակցածներն էին:

Վերոշարադրյալի կապակցությամբ կոչ եմ անում.

– Համակարգող խորհրդի այն անդամներին, ովքեր անտեսում են իրենց պարտականությունները եւ վարկաբեկում են այդ մարմինը` կոնֆլիկտներ հրահրելով եւ անհիմն որոշումներ կայացնելով, վերանայել իրենց վերաբերմունքը ՔՀՀ-ում եւ Ազգային պլատֆորմում իրենց տեղի եւ դերի առնչությամբ եւ ՀԽ գործունեությունը վերադարձնել կառուցողական հուն: Առանց ս.թ. սեպտեմբերի 16-ին ընդունված որոշումների չեղյալ հայտարարելու` Համակարգող խորհուրդն իմ կողմից այլեւս չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ եւ Հայաստանի Ազգային պլատֆորմի գործունեությունը համակարգելու առաքելությունն իրականացնող մարմին:

– Համակարգող խորհրդի այն անդամներին, ում համար անընդունելի է իրենց գործընկերների ապակառուցողական վարքագիծը` ձեռնպահ մնալ ծայրահեղ քայլերից եւ ջանքեր ներդնել ՀԽ-ում տիրող իրավիճակի առողջացման ուղղությամբ:

– ՔՀՀ Հայաստանի Ազգային պլատֆորմի անդամներին` Համակարգող խորհրդում տիրող իրավիճակը չդիտարկել որպես իրենց նախաձեռնությունից հիասթափվելու առիթ եւ սեփական ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության արդյունավետ, համախմբված կազմակերպությունների դաշինքի կայացման համար` ընդունակ իրագործելու Արեւելյան գործընկերություն առաջնահերթ ծրագրերը:

– Կազմակերպություններին, որոնք հրավիրվել են մասնակցելու Քաղաքացիական հասարակության համաժողովի բեռլինյան հանդիպմանը, մյուս բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին (անկախ ՀԱՊ անդամությունից), ովքեր շահագրգռված են ՔՀՀ-ում Հայաստանի ներկայացուցիչների ակտիվ եւ արդյունավետ մասնակցությամբ` իրենց ջանքերը միացնել այդ կարեւոր իրադարձությանը նախապատրաստվելու գործին:

Առաջարկվող բոլոր քայլերն ուղղված են բացառապես Ազգային պլատֆորմում տիրող ճգնաժամից դուրս գալուն եւ բացարձակապես թելադրված չեն անձնական նկատառումներից: Մինչ բեռլինյան հանդիպումը` իմ` որպես գործող Ազգային համակարգողի, գործառույթների իրականացմանը ոչինչ չի խանգարում, իսկ հետագայում ամեն դեպքում տեղի են ունենալու Ազգային համակարգողի ընտրություններ, քանի որ ես վաղուց եւ Համակարգող խորհրդում ստեղծված իրավիճակից անկախ հայտարարել եմ այդ դիրքում նոր ժամկետում թեկնածությունս չառաջադրելու իմ որոշման մասին: Միայն թե, թերեւս, ցավալի կլինի, եթե ՀԽ որոշ անպատասխանատու անդամների մեղքով, չնայած ծախսված ջանքերին ու միջոցներին, Հայաստանի Ազգային պլատֆորմը հայտնվի Քաղաքացիական հասարակության համաժողովի կարեւոր գործընթացներից դուրս:

Բորիս Նավասարդյան,
ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող,
ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ,
Երեւանի մամուլի ակումբի նախագահ»

Tekali Taxi