Գլխավոր / Армения / Forbes-ը բացահայտել է «Տաշիրի» հաջողության գաղտնիքները

Forbes-ը բացահայտել է «Տաշիրի» հաջողության գաղտնիքները

Հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների ցանցը հերթական անգամ  Forbes ամսագրի կողմից ներկայացված «Ռուսաստանի 200 ոչ հրապարակային ընկերությունների» վարկանիշային ցուցակում է հայտնվել:

Forbes-ը գրում է, որ Ռուսաստանում հաջող բիզնես անելու համար երեք կարևոր գործոն է անհրաժեշտ` սփյուռքի օգնությունը, «Գազպրոմի» հետ լավ հարաբերություններն ու պահուստային գումարների առկայությունը «սև օրվա» համար:

Տարածաշրջանային ընկերությունների ցանկում «Տաշիրն» այն եզակի կազմակերպությունն է, որին հաջողվել է այդքան մեծ բարձունքների հասնել: Մոսկվայի բնակիչներին լավ հայտնի են ընկերության առևտրի կենտրոնները` «Ռիոն» և «Երևան Պլազան»:

«Տաշիրի» հասույթը 2009 թվականին գերազանցել է 1,5 միլիարդ դոլարը: Դրանից 225 միլիոն դոլարը վարձով տրվող տարածքներից ստացված գումարներն են: Եկամուտի մնացած մասը ապահովում են առևտուրը, շինարարությունը, տարբեր տեսակի արտադրություններից ստացված գումարները:

Այս ամենի «տերն ու տիրակալը» 45-ամյա Սամվել Կարապետյանն է, ով ծագումով հայկական Կալինինո քաղաքից է, Կալուգայի բնակիչ է և Forbes-ի «Ոսկե հարյուրյակի» անդամ է: 2010 թվականի սկզբին Forbes-ը նրա կարողությունը 750 միլիոն դոլար է գնահատել:

Հաջողակ գործարարներ կան բոլոր շրջաններում, բայց Կարապետյանի համար Կալուգան շատ փոքր էր, գրում է հայտնի պարբերականը: Նա որոշում է գործարարությամբ զբաղվել մայրաքաղաք Մոսկվայում:

Մոսկվայում կայանալ և հաջողության հասնել Կարապետյանին օգնում է Կալուգայում ունեցած իր փորձն, ինչպես նաև «Գազպրոմի» հետ կապերը:

Կարապետյանին սատարեցին նաև իր հայրենակիցները: Forbes-ը փաստում է, որ իր առաջին առևտրի կենտրոն «Ռիո»-ի համար անհրաժեշտ տարածքը, փաստաթղթերի համաձայն, նա գնել է «Միկոմս» բանկի համասեփականատեր Արթուր Առաքելյանից: «Տաշիրն» աշխատել է նաև « Даев Плаза»-ի հետ, որը պատկանում է Պետական Դումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Իսկ «Երևան պլազան» «Տաշիրը» կառուցել է հայ գործարար Գեորգի Ստեփանյանին պատկանող ընկերության տարածքում:

«Մենք օգտագործում ենք հայկական սփյուռքի ընձեռած հնարավորությունները և գործարարության նկատմամբ իմ հայրենակիցների ունեցած հակումը»,- ասել է Կարապետյանը 5 տարի առաջ «Босс» ամսագրին տված հարցազրույցում:

Կարապետյանը առանձնանում է մեկ այլ հատկանիշով` նա փորձում է չվատնել իր շահույթը: «Տաշիր» հոլդինգի մեջ մտնող ընկերություններն իրենք են նոր առևտրի կենտրոններ կառուցում, իրենք են զբաղվում շինարարական բոլոր հարցերով:

«Տաշիրը» գիպերմարկետների ցանց ունի «Մեր տունը» անվանումով: Այն նաև հագուստի և կոշկեղենի բրենդներ, կինոթատրոնների ու սրճարանների ցանցի տեր է: «Տաշիրի» մաս կազմող ընկերություններն էլետրաէներգիա ստանում են ոչ թե Мосэнергосбыт ընկերությունից, այլ «Каскад Энергосбыт» ընկերությունից, որը մտնում է «Տաշիրի» մեջ:

Ընկերության պարտքերը երբեք չեն գերազանցել շրջանառության քառորդ մասը, որն այժմ կազմում է 325 միլիոն դոլար: Նոր գնումների դեպքում Կարապետյանն անձամբ է որոշումներ կայացնում և 5 տարուց ավել պայմանագիր չի կնքում: Որևէ ծրագրով զբաղվով մենեջերին հաճախ միանգամից փոքր բաժնետեր են դարձնում, նրան ավելի շահագրգռելու համար: «Տաշիրը» կարողացել է նաև պահուստային հիմնադրամ ձևավորել, որի գումարները շրջանառությանը չեն մասնակցում և 100 միլիոն դոլար են կազմում:
 
«Տաշիրի» մարտավարությունը շահեկան ստացվեց: Համաշխարհային ճգնաժամի ընթացքում  ընկերությունը համագործակցության կամ վաճառքի բազմաթիվ առաջարկներ ստացավ: Տարբեր տեսակի առաջարկներով դիմում էին թե փոխնագահին, թե կոմերցիոն տնօրենին, թե այլ աշխատակիցներին: Այս ընթացքում «Տաշիրը» գնեց «Москва-Сити» թաղամասում կառուցվող հյուրանոցի նախագծի մի մասը, որը Կարապետյանին վաճառեց «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե» ընկերությունը:

Ռուբլյովկայում գտնվող « Европарк» առևտրի կենտրոնը ընկերությունը գնեց Deutsche Bank-ից 60 միլիոն դոլարով, ինչը երկու անգամ էժան է կենտրոնի իրական գնից:

Բացահայտելով «Տաշիրի» հաջողության գաղտնիքները` Forbes-ը հավելում է, որ սեփական բիզնեսում Սամվել Կարապետյանն աշխատում է հայկական ծագում ունեցող 8 փոխնախագահների հետ, որոնց մի մասը նրա բարեկամներն են:

Tekali Taxi