Գլխավոր / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկում են լեզու գտնել Կրեմլի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկում են լեզու գտնել Կրեմլի հետ

Հայաստանի Հանրապետությունում այսօր մնացել է երեք քաղաքական միավոր` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ. այլ կուսակցություններ գոյություն չունեն: Չկա ոչ ՕԵԿ, ոչ էլ «Ժառանգություն»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է PR ընկերության նախագահ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` հաջորդ խորհրդարանում ներկայացվելու են հենց այդ երեք քաղաքական միավորները, ընդ որում` ՀԱԿ-ի դեպքում խնդիրը մի փոքր այլ կլինի:

«Եթե ՀԱԿ-ը կարողանա լեզու գտնել Կրեմլի հետ, ապա կունենա տեղեր խորհրդարանում: Սակայն նշեմ, որ այն դեպքում, եթե այս երեք միավորները չկարողանան բավարարել Կրեմլին, վերջինս կստեղծի չորրորդ ուժ, որը բոլորովին բարդ գործ չէ»,- ասել է Արմեն Բադալյանը:

Epress.am-ի այն հարցին, թե ինչով են պայմանավորված նման կանխատեսումները, երբ ՀԱԿ-ի հրավիրած վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր  միայն արտահերթ խորհրդարանական ընտությունների մասին, Արմեն Բադալյանն ասել է.

«Դե կարող են մի բան ասել, բայց իրավիճակն այսօր լրիվ այլ է: Այսօր այս տարածքը վերածվել է ռուսական վարչատարածքային միավորի. ուզես-չուզես` պետք է լեզու գտնես Ռուսաստանի հետ, քանի որ Եվրոպան, բացի մոնիտորինգից, ոչնչով չի զբաղվում, իսկ ԱՄՆ-ն էլ այլ խնդիրներ ունի»:

Բադալյանի պնդմամբ` Հայաստանում կա միայն երկու քաղաքական կերպար` Գագիկ Ծառուկյան և Լևոն Տեր-Պետրոսյան:

«Չկա Արթուր Բաղդասարյանը, ով դադարեց լիդեր լինելուց, երբ մարտի 1-ից հետո անցավ իշխանական ճամբար, իսկ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես չկա, նա չունի ընտրազանգված: Որտե՞ղ եք տեսել նրան: Կա «Ժառանգություն» խմբակցություն և մի քանի պատգամավորներ»,- հավելել է Արմեն Բադալյանը:

Tekali Taxi