Գլխավոր / Армения / Երևանում հանձնեցին տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված մրցանակներ

Երևանում հանձնեցին տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված մրցանակներ

Այսօր Երևանի «Ռեջինե» հյուրանոցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ամենամյա մրցանակաբաշխություն` նվիրված տեղեկատվության ազատության միջազգային օրվան:

Արարողությունը սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքից: Նա նշեց, որ միշտ մասնակցում է այս միջոցառմանը` նպատակ ունենալով կարևորել տեղեկատվության ազատության խնդիրը:

«Առաջին հերթին, կարևորում եմ, որպեսզի պետական կառավարման մարմինները լինեն բաց և թափանցիկ իրենց գործունեության ընթացքում: Եվ այդ առումով մենք բավական լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որ ընդունվում են պետական մարմինների կողմից, հասանելի լինեն հասարակության համար, ինչպես նաև որոշումների նախագծերը», – շեշտեց վարչապետը:

Այս տարի 6 դրական և մեկ բացասական անվանակարգ էր սահմանվել: Լավագույնները ստացան ոսկե բանալիներ, իսկ Ստեփանավանի քաղաքապետարանը, այս տարի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորություններն ամենավատը կատարող մարմինը ճանաչվելով, ստացավ ժանգոտ բանալի:

Գորիսի քաղաքապետարանը ճանաչվել է 2010 թվականի ՀՀ ամենահրապարակային գործող մարմին գերատեսչությունը: ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային կառավարման կայքը ճանաչվել է 2010թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական կազմակերպությունը ճանաչվեց 2010թ. տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացիական նախաձեռնություն, «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանն այս տարի ճանաչվել է տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող, Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդաշարը ճանաչվել է տեղեկատվության ազատության հիմնահարցն ամենաակտիվ լուսաբանած հաղորդում:

Նշենք, որ ընտրությունն իրականացնում է անկախ հասարակական կազմակերպություններից և փորձագետներից բաղկացած ժյուրին: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, Կենտրոնը ստեղծվել է 2001թ., իսկ մրցանակաբաշխությունն իրականացվում է 2003 թվականից:

Tekali Taxi