Գլխավոր / Армения / Ռուսաստանի օրերը Ֆրանսիայում կարող են ձախողվել հայազգի նկարչի պատճառով

Ռուսաստանի օրերը Ֆրանսիայում կարող են ձախողվել հայազգի նկարչի պատճառով

Հինգշաբթի կամ ուրբաթ Լուվրը կկարգավորի ռուսական «Հակակետ. ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսի հետ կապված խնդիրը։ Ցուցահանդեսին ներկայացվող կտավների շարքից ՌԴ Մշակույթի նախարարության որոշմամբ հանվել են նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքները, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունն արգելել է Տեր-Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ» շարքի 4 նկարների մասնակցությունը ֆրանսիական ցուցահանդեսին։ Փարիզի ցուցահանդեսի համար այս  չորս աշխատանքները նախապես ընտրվել էին ցուցահանդեսի համակարգող Մարի-Լոր Բերդանակի կողմից։ Ի պատասխան մշակույթի նախարարության այս քայլի՝ ցուցահանդեսի 8 մասնակիցներ, այդ թվում՝ Վիտալի Կոմարը, Դիանա Մաչուլինան, Յուրի Ալբերտը, Իգոր Մակարևիչը, հրաժարվել են մասնակցել ցուցահանդեսին։

Լուվրը տեղյակ է նկարիչների նման քայլի մասին, բայց առայժմ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Այսուհետ կասկածի տակ է նաև ցուցահանդեսի կայանալու փաստը։

«Մենք հաստատ չգիտենք, բայց այդ հարցը դեռ չի քննարկվում։ Մենք փորձում ենք կարգավորել այդ 4 նկարների հետ առաջացած խնդիրը»,- ասել է Լուվրի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսի կտավները դեռ տեղ չեն հասել, դեռ պատկերասրահում չեն, այնինչ ՌԴ Մշակույթի նախարարությունը հաղորդել էր, թե կտավներն արդեն ուղարկվել են Փարիզ։
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվում է Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում և հանդիսանում է ընթացիկ տարվա գարնանը Լուվրում ցուցադրված «Սուրբ Ռուսաստան» ցուցահանդեսի շարունակությունը։

Մշակույթի նախարարությունում հայտարարել են, որ Տեր-Օհանյանի աշխատանքները որոշել են Փարիզ չուղարկել, քանի որ դրանք «ՌԴ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև ուղղված են միջկրոնական ատելության և թշնամության ձևավորմանը»։

Նշենք, որ Ավդեյ Տեր-Օհանյանը ստիպված է եղել լքել Ռուսաստանի Դաշնությունը և բնակություն հաստատել Չեխիայում 2003 թվականին «Զգույշ, կրոն է» խորագրով ցուցահանդեսին մասնակցելուց հետո։ Ցուցահանդեսը Անդրեյ Սախարովի անվան պատկերասրահում է տեղի ունեցել։ Դեռ այն ժամանակ պատկերասրահի վրա հարձակում էր կատարվել, որի հետևանքով ոչնչացվել էր կտավների մեծ մասը։

2005 թվականին Մոսկվայի դատարանը ցուցահանդեսի կազմակերպիչներին մեղավոր է ճանաչել ազգային և կրոնական թշնամություն սերմանելու մեջ։

Ավելի ուշ Ա. Տոլստովան «Коммерсант» թերթում գրել է. «Պարզվում է, որ գեղանկարչության ամենամոլի սիրահարն ու էսթետը Ավդեյ Տեր-Օհանյանն էր, ով իր «Երիտասարդ անաստվածը» ակցիայով ցնցում է հասարակական կարծիքը։ Իր սկզբնական համարձակ, նեոէքսպրեսիոնիստական վերարտադրություններում նա այնպես է անդրադառնում Ջորջոնեին, Մալևիչին, Կլեոյին, Ուորհոլին ու Մատիսին, որ մի տեսակ  անհարմար ես զգում, որ ինչ-որ մեկը ամբողջ ուժով գոռում է իր սիրո մասին։ Երբ նայում ես Դելեկտորսկայայի դիմանկարին, հասկանում ես, թե որքան է սիրել Մատիսը իր քարտուղարուհուն, բայց երբ նայում ես նույն նկարի Տեր-Օհանյանի վերատադրությանը, հասկանում ես, որ գեղանկարչության ինստիտուտից դուրս շպրտված այս մարդը նրան ավելի էր սիրում»:

Tekali Taxi