Գլխավոր / Армения / Իրանական թատերախումբը չհասցրեց «Հայֆեստի» բացմանը

Իրանական թատերախումբը չհասցրեց «Հայֆեստի» բացմանը

«Հայֆեստ» ութերորդ միջազգային թատերական փառատոնն այսօր պիտի բացվեր իրանական «Էմրուզ» թատրոնի` «Ավաժիկ` արտադրված է Իրանում» ներկայացմամբ, սակայն թատերախմբի այցն անժամկետ հետաձգվել է բյուրոկրատական քաշքշուկի պատճառով: Փոխարենը բացման ներկայացումով հանդես եկավ «Ղեսսեհ» թատրոնը իր «Աննատ» դրամայով, որը իրանական կյանքի ավանդույթներից  նվազագույն դեպքեր  է պատմում:

«Հայֆեստը» կընթանա հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին մասնակցում է 33 թատերախումբ` 22 երկրներից, որոնց թվում են հայտնի «Իմիթեյթինգ դը Դոգ» (Մեծ Բրիտանիա), «Լուդեմ» (Չեխիա) և Չառլզթաուն Ուորկինգ (ԱՄՆ) խմբերը: Ներկայացումները բազմաժանր են` դրամատիկական, երաժշտական, պարային, փակ և բացօթյա, իրերի թատրոն:

«Հայֆեստն» առանձին շեշտադրում է կատարել իրանական թատրոնի վրա: Փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի համար բացահայտում է եղել այն,  որ իրանական թատրոնը տարբերվում է հայկական խաղացանկային վատ թատրոնից:

Փառատոնի կազմակերպիչ Ալբերտ Բեգջանյանը նշում է, որ Թեհրանի վերջին թատերական փառատոնը հայտ էր ստացել 130 ուսանողական խմբերից, այսինքն` Իրանի երիտասարդական թատերական ներուժն իրոք անհամեմատելի է Հայաստանի հետ:

Փառատոնի շրջանակներում իր տարեկան նիստը կանցկացվի IFEA (Միջազգային փառատոննների և իրադարձությունների ասոցիացիան), այդ առթիվ Հայաստան են ժամանելու մի շարք փառատոնների տնօրեններ, Պեկինի թատերական ակադեմիայի ռեկտոր Շեն Լինը, պրոդյուսեր Ռոջեր Մակքենը (Լոնդոն), այլք:

Tekali Taxi