Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը չի զոհաբերի Ռուսաստանի հետ հարաբերությունները հանուն Վրաստանի

Ադրբեջանը չի զոհաբերի Ռուսաստանի հետ հարաբերությունները հանուն Վրաստանի

Վրաց-ադրբեջանական համադաշնությունն իրագործվող նախագիծ չէ, որովհետև և’ Վրաստանը, և’ Ադրբեջանը նորմալ պետականություն դեռ չեն ստեղծել: Այն նաև դժվար իրագործելի է աշխարհաքաղաքական իրավիճակի այն ֆոնի պատճառով, որը գոյություն ունի տարածաշրջանում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Կարծում եմ` միայն այն խնդիրները, որոնք կան Վրաստանի և Ադրբեջանի միջև` սկսած Վրաստանում բնակվող ադրբեջանական փոքրամասնության խնդիրներից, վերջացրած տրանզիտային այն բարդություններով, որոնք միշտ ստեղծվում են այս երկրների միջև», – ասել է քաղաքագետը:

Մյուս կողմից, նրա խոսով, հարց է ծագում, թե նման խնդիրների պարագայում ինչու է հայկական լրատվական դաշտն այդքան մեծ ուշադրություն դարձնում այս խնդրին. «Նախաձեռնությունն, առաջին հերթին, առաջ է քաշել Սահակաշվիլին, և այն տարածաշրջանային իզոլյացիայից դուրս գալու փորձ է Վրաստանի կողմից»:

Այսօրվա Վրաստանը, ըստ Մինասյանի, չունի ԱՄՆ-ի ակնհայտ աջակցություն, և պարզ է, որ Օբամայի վարչակազմի համար Վրաստանը համար մեկ քաղաքական առաջնայնություն չի հանդիսանում: Նաև հասկանալի է, որ 2008 թվականի 5-օրյա պատերազմը լուրջ վնաս հասցրեց Սահակաշվիլիի իմիջին:

«Սահակաշվիլին հնարավորություն չունի համագործակցության ֆորմատ ստեղծել իր գլխավոր թշնամու և մեր տարածաշրջանում դերակատարի` Ռուսաստանի դեմ և փորձում է նոր ֆորմատներ ստեղծել: Դրանցից մեկն է այս պրոեկտի իրագործումը», – հայտարարեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով` ի տարբերություն Վրաստանի նախագահի, Իլհամ Ալիևը շատ զգուշավոր է մոտենում այս հարցին` ելնելով նրանից, որ եթե իսկապես այս «ֆանտաստիկ աշխարհաքաղաքական պրոեկտն իրագործվի, դա ուղղակի կանդրադառնա Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների վրա»:

Tekali Taxi