Գլխավոր / Հայաստան / «Մեր տունը» աղջիկներին դարձրել է հարսանեկան հոսքագծի մաս

«Մեր տունը» աղջիկներին դարձրել է հարսանեկան հոսքագծի մաս

«Մեր Տունը» հասարակական կազմակերպության ջանքերով և ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ Էջմիածնում գործում է մի կառույց, որը մանկատնից դուրս եկած 18-ամյա աղջիկներին վերցնում է իր հովանու տակ, կրթություն ստանալու հնարավորություն ընձեռում, և հետագայում բարեհաջող ամուսնացնում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Մեր Տունը» հ/կ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը պատմել է կազմակերպության գործունեության մասին:

Ասուլիսի մասնակիցները խոսել են նաև վերջերս նկարահանված մի փաստագրական ֆիլմի մասին:

Բեմադրիչ Ալեքսանդր Միրզախանյանը, այցելելով «Մեր Տուն» կազմակերպություն, նախաձեռնել է ֆիլմի նկարահանումը, որը մի աղջկա պատմություն է, ով, դուրս գալով «Մեր Տուն» կազմակերպությունից, ամուսնանում է:

«Այնուհետև ես հասկացա, որ ֆիլմին երգ է անհրաժեշտ, և դիմեցի Մարտին Ահարոնյանին, ինչպես նաև բազմաթիվ երգիչ-երգչուհիների: Շատերը համաձայնեցին, և միաժամանակ ստեղծվեց նաև երգը և տեսահոլովակը»,- ասել է ֆիլմի բեմադրիչը և հավելել, որ ֆիլմը ողբ չի պարունակում, ընդհակառակը, ամբողջովին կոտրում է մեզանում առկա այն կարծրատիպը, որ մարդիկ խղճահարությամբ են վերաբերվում մանկատան երեխաներին:

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով «Մեր Տուն» կատարած այցերի մասին:

«Ես շատ հաճախ եմ այցելում «Մեր Տուն», համարյա բոլոր աղջիկների հետ զրուցում եմ, նրանք կիսվում են իրենց խնդիրներով: Բայց մի շատ կարևոր բան կա. «Մեր Տանը» իսկապես ջերմ ընտանեկան մթնոլորտ է տիրում, աղջիկները բավական լավ պայմաններում են ապրում»,- ասել է երգչուհին:

«Մեր Տան» տնօրենն էլ տեղեկացրել է, որ արդեն 6 աղջիկ է ամուսնացել, և իրենք ունեն 5 թոռնիկ:

«Ես մի ընկեր ունեմ ԱՄՆ-ում, ով ֆիլմը դիտելուց հետո պատրաստվում է իր տղայի համար աղջիկ տանել «Մեր Տնից»,- ասել է երգահան Մարտին Ահարոնյանը:

Tekali Taxi