Գլխավոր / Армения / Լրագրողներն ու եպիսկոպոսն ասուլիսը սկսեցին «նամազից»

Լրագրողներն ու եպիսկոպոսն ասուլիսը սկսեցին «նամազից»

«Ինչից կուզե՞ք սկսել». այսօրվա ասուլիսի մեկնարկին լրագրողներին հարցրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Նամազից», – բացականչեցին լրագրողները: Եվ ասուլիսը սկսվեց:

Դիվանապետն անդրադարձավ քրիստոնեություն-իսլամ շրջագծին` ասելով, որ երկու դեպքում էլ ծայրահեղ արտահայտություններն էլ որևէ առնչություն չունեն «կրոնական մաքուր ապրումի հետ»: Այս առումով, շարունակեց նա, գնահատականը նույնն է թե’ Ղուրանն այրելու, թե’ նամազը քաղաքական ակցիայի տեսքով եկեղեցում անցկացնելու վերաբերյալ:

«Եթե նամազ ուզում էին անցկացնել և միակ այլընտրանք չունեցող հնարավորությունը Անիի Մայր տաճարն էր, որևէ վերապահություն մենք այդ հարցի առնչությամբ չունենք», – հայտարարեց Էջմիածնի դիվանապետը:

Այնուամենայնիվ, նա չի կարծում, որ նամազի արարողությունն անցկացնելը պայմանավորված էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խաչը չտեղադրելու պատճառաբանությամբ պատարագի արարողությանը չմասնակցելով: Նրա կարծիքով, փորձելով ժողովրդավարական և հանդուրժող երկիր ներկայանալ միջազգային հանրության առջև, Թուրքիան միաժամանակ փորձում էր «շրջանառության մեջ դնել իսլամիստական միտումներն» իր ներքին օգտագործման համար:
 
Նամազի անցկացումը, կարծում է դիվանապետը, «քաղաքական ակցենտներ պարունակող մի երևույթ էր»:

Հարցին` արդյոք Մայր Աթոռի ներկայացուցիչներն այսուհետ կմասնակցեն Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագներին, քանի որ խաչն արդեն տեղադրվել է եկեղեցու գմբեթին, եպիսկոպոսը պատասխանեց.

«Երբ որ հրավեր ստանանք արարողությանը մասնակցելու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կքննարկվի վերստին այդ հարցը, և չի բացառվում, ամենայն հավանականությամբ, մասնակցությունը կլինի»:

Խոսելով հայ հասարակության տարբեր շերտերի «ընդվզման» և հայտարարությունների մասին, ըստ որոնց, պատարագը պետք է բոյկոտել, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ըդգծեց. «Եթե մենք Թուրքիայում ունենք շուրջ 2500 պատմական հուշարձաններ, սրբավայրեր և հնարավորություն կա դրանցից գեթ մեկը փրկել ոչնչացումից, ինչու այնտեղ պատարագի մասնակցելու հնարավորությունը կորցնել»:

Լուսանկարում` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա տեղադրված խաչը:

Tekali Taxi