Գլխավոր / Армения / Կառավարության նպատակն է բյուջեի դեֆիցիտը հասցնել 2 տոկոսի. նախարար

Կառավարության նպատակն է բյուջեի դեֆիցիտը հասցնել 2 տոկոսի. նախարար

Հայաստանը 2011 թվականին կունենա կայուն տնտեսական զարգացման բյուջե: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով` գալիք տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 875 մլրդ դրամ, ինչը էականորեն ավելի կլինի այս տարվա ցուցանիշներից։ Նախարարի տեղեկացմամբ, եկամուտներից 650 մլրդ դրամ կկազմեն հարկային մուտքերը` այս տարվա 570 մլրդ-ի դիմաց։

2011թ. բյուջեի ծախսային մասը շուրջ 1 տրիլիոն դրամ է, որը 2010թ. համապատասխան ցուցանիշից ավելի է 63 մլրդ դրամով, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ, ինչը էականորեն քիչ է այս տարվա համեմատ։

«2010 թվականին նախատեսված է եղել բյուջեի 6 տոկոսանոց դեֆիցիտ, սակայն տարվա վերջին այն կլինի 5 տոկոս։ Հաջորդ տարվա դեֆիցիտը կլինի 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչը միանգամայն դրական երևույթ է։ Սա կարևորագույն խնդիր է, առանց որի զարգացում ապահովել հնարավոր չէ»,- նշել է ֆինանսների նախարարը:

Նա ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է գործել այնպես, որ հետզհետե բյուջեի դեֆիցիտը հասնի 2 տոկոսի, որը համարվում է նորմալ ցուցանիշ։

Նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը լրացնել ներքին և արտաքին աղբյուրներով։ «Արտաքին աղբյուրները կլինեն այն վարկային միջոցները, որոնք արդեն ծրագրված են, այսինքն` լրացուցիչ արտաքին պարտք չի ավելացվում, իսկ ներքին աղբյուրները կլինեն մեր տնտեսած ռեզերվները»,- ասել է Տիգրան Դավթյանը։

Tekali Taxi