Գլխավոր / Հայաստան / Շքերթ, համերգ, հրավառություն. «Էրեբունի-Երևան» տոնը նշելու են ողջ օրվա ընթացքում

Շքերթ, համերգ, հրավառություն. «Էրեբունի-Երևան» տոնը նշելու են ողջ օրվա ընթացքում

Հոկտեմբերի 10-ին նշվելու է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը՝  «Երևանը մենք ենք» կարգախոսով։ Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, այդ օրը վաղ առավոտյան 08:30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն փողոցները։

Մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում և հրապարակներում։ Տոնական միջոցառումների համար բեմեր կձևավորվեն 20 տարբեր վայրերում։

Հոկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 12:00-ից մայրաքաղաքում գործելու են տեղեկատվական  մոտ 30 կետեր, որտեղից երևանցիներն ու հյուրերը կարող են ստանալ տոնական միջոցառումների մասին տեղեկատվություն, բուկլետներ, կրծքանշաններ, գլխարկներ, դրոշակներ, փուչիկներ և այլն։

Ամենամեծ թատերական բեմականացումը նախատեսված է «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում, որտեղից 3000 հոգուց բաղկացած զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով կշարժվի դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ շքերթի մասնակիցներին կողջունի Երևանի քաղաքապետը։

Երևանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված տոնական շքերթը՝ քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, նախատեսված է կեսօրին՝ ժամը 14:00-ից 15:00-ն։
Տոնական միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում՝ գալա-համերգով։ Երեկոյան, ժամը 22:00-ին Երևանում հռավառություն տեղի կունենա:

Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշմամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում հաստատվել են նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անձանց անունները: Երևանի պատվավոր քաղաքացիների շարքն այս տարի կհամալրեն Երևանի մետրոպոլիտենի գնացքավար Սամվել Պետրոսյանն ու սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:

Tekali Taxi