Գլխավոր / Հայաստան / Հասարակական կազմակերպությունը կոչ է անում անտարբեր չլինել 20-ամյա կնոջ սպանության հարցում

Հասարակական կազմակերպությունը կոչ է անում անտարբեր չլինել 20-ամյա կնոջ սպանության հարցում

«Հասարակություն Առանց Բռնության» հասարակական կազմակերպությունը բաց նամակ է տարածել, որում անդրադարձել է news.am կայքի հրապարակած հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում զարհուրելի սպանության մասին նորությունը: Նշենք, որ ամուսնու և սկեսրոջ ծեծի ու բազմաթիվ խոշտանգումների հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ցավոք սրտի, նման բռնությունները եզակի դեպքեր չեն մեր իրականությունում, և մասամբ հասարակության անտարբերությունն ու անառողջ վերաբերմունքը կարող են հանգեցնել նման անդառնալի կորուստների:



Որպես կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն` կոչ ենք անում մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպություններին, ոչ անտարբեր մարդկանց, ԶԼՄ-ներին, միջազգային կառույցներին աչալուրջ, օրենքի սահմաններում հետևել այս դեպքի հետաքննության ընթացքին, ապահովել դեպքի կապակցությամբ հարուցված գործի հրապարակայնությունը և հասնել 20-ամյա երիտասարդ աղջկա սպանողների արդար դատապատժի կայացմանը:



Հակառակ դեպքում հասարակությունում կրկին կամրապնդվի այն կարծրատիպը, որ նման հանցագործությունները կրում են ներընտանեկան, կենցաղային բնույթ և արժանի չեն հասարակության և իրավապահ մարմինների ուշադրությանը:


Մեր լռությամբ մենք թույլ կտանք նմանատիպ դաժան «մարդկանց» արդարացնել իրենց հանցավոր գործողությունները և խուսափել օրենքով սահմանված պատժից: Այլ խոսքերով ասած` մենք կունենանք նորանոր անմեղ զոհեր»:

Tekali Taxi