Գլխավոր / Հայաստան / Թուրք քաղաքական գործիչները չեն հատել Հայաստանի սահմանը. սահմանապահներ

Թուրք քաղաքական գործիչները չեն հատել Հայաստանի սահմանը. սահմանապահներ

Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի հատման որևէ դեպք չի արձանագրվել. Եթե նման փորձ ձեռնարկվեր, այն անմիջապես կկանխվեր: Այդ մասին News.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը: Նրա խոսքով` իրավիճակը հայ-թուրքական սահմանին վերահսկվում է: Սահմանի ապօրինի հատման բոլոր դեպքերը կանխվում են հաստատված կարգով:

Ըստ միջպետական պայմանագրի` հայ-թուրքական սահմանը պահպանում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերը: Սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից, որը ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին:

Ավելի վաղ թուրքական Zaman թերթը հայտնել էր, որ Թուրքիայի  «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP)  նախագահ Թունա Բեքլևիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը և նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի,  Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը և Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան:

Tekali Taxi