Գլխավոր / Հայաստան / Քաղբանտարկյալների ազատումը Հարավային Կովկասի լիբերալների խնդիրն է. Մանուկյան

Քաղբանտարկյալների ազատումը Հարավային Կովկասի լիբերալների խնդիրն է. Մանուկյան

Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցություններ`Հայաստանից ՀՀՇ-ն, Ադրբեջանից «Մուսավաթ» կուսակցությունը և Վրաստանից Հանրապետական կուսակցությունը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:

Այսօր Epress.am-ի հետ զրույցում հանդիպման վերաբերյալ մանրամասներ է պատմել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով ստորագրել է այդ փաստաթուղթը:  

«Փաստաթուղթը մի քանի տարի նախապատրաստական փուլ է անցել, համագործակցության նվազագույնը ութ տարի կա: Ադրբեջանի, Վրաստանի լիբերալներով հանդիպում ենք, իրար հետ աշխատում ենք՝ միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ, երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպումներ, և միշտ եղել է այս խնդիրը, որ համատեղ  սկզբունքների շուրջ պայմանավորվածություններ ունենանք և դա լինի գրված: Պոտսդամում կարողացանք հասնել այդ բանին»,- ասելէ Արամ Մանուկյանը:

Նշենք,  որ հայկական պատվիրակության կազմում են եղել ՀԱԿ ներկայացուցիչներ  Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

«Կարևորը, որ լիբերալ ուժերն իրար հետ համագործակցելու պատասխանատվություն են վերցնում և այդ համգործակցության դաշտն է մարդու իրավունքները, սեփականության իրավունքը, ազատ ընտրությունները, թափանցիկ գործունեություն ունեցող կառավարությունները: Շատ կարևոր էր, որ նոր դրույթներ էին՝ կոնֆլիկտների խաղաղ լուծում Հարավային Կովկասում և, ամենակարևորը, որ ես համարում եմ հաղթանակ, հաղթանակ ոչ թե ինչ-որ մեկի նկատմամբ,  այլ ընդհանուր գործի համար` քաղբանտարկյալների ազատման անհրաժեշտությունը: Այդ պրոբլեմը Հարավային Կովկասի համար լուրջ պրոբլեմ է, և մենք արձանագրեցինք, որ քաղբանտարկյալների ազատումը լրջագույն խնդիր է լիբերալների համար»,- ընգծել է Արամ Մանուկյանը:

ՀՀՇ վարչության նախագահը մեզ նաև տեղեկացրել է, որ  երկու օրից Հելսինկիում սկսվում է Եվրոպայի լիբերալ 56 կուսակցությունների համատեղ համագումարը. Արամ Մանուկյանի խոսքով՝ այժմ իրենք լրջագույն փաստաթուղթ ունեն այդ համագումարին ներկայացնելու համար: 

ՀՀՇ վարչության նախագահը նաև ասել է, որ նման փաստաթուղթ մինչև այժմ երբևէ չի եղել: 
«Երեք այլընտրանքային քաղաքական ուժերը Հարավային Կովկասի… եթե վաղը իշխանափոխություն լինի,  այստեղ ՀԱԿ-ն է գալու,  Ադրբեջանում «Մուսավաթն» է գալու, Վրաստանում՝ Հանրապետականը: Այսինքն, այս երեք ուժերը շատ լուրջ քաղաքական միավորներ են Հարավային Կովկասում և իրենք համարձակություն վերցրեցին հայտ ներկայացնելու, պատասխանատվություն վերցնելու, որ Հարավային Կովկասի ժողովուրդները այս ճանապարհով է, որ  պետք է գնան: Դա եվրոպական ինտեգրացումն է, համատեղ շփումն է, կոնֆլիկտների խաղաղ լուծումն է»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը հավելել է, որ ՀՀՇ-ի նպատակն է երկրի խաղաղությունը,  բարգավաճումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ գոյակցությունը,  ժողովուրդների համատեղ աշխատանքը` հանուն Հարավային Կովկասի խաղաղության և զարգացման:

Լուսանկարը` Օնիկ Գրիգորյանի

Tekali Taxi