Գլխավոր / Հայաստան / Microsoft-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կորցնում Հայաստանում

Microsoft-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կորցնում Հայաստանում

Անհատ օգտատերերի և կազմակերպությունների կողմից չարտոնագրված ծրագրերի օգտագործման հետևանքով Հայաստանում ամերիկյան «Microsoft» ընկերությունը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է կորցնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Epress.am-ը, «Microsoft»-ի վրաստանյան գրասենյակի զեկույցի համաձայն` մեր հարևան երկրում ամերիկյան ընկերությունը տարեկան 150 միլիոն դոլար է կորցնում:

Բարսեղյանի խոսքով` Հայաստանում նման հետազոտություն չի անցկացվել, սակայն թվերը համադրելի են վրաստանյան տվյալների հետ, եթե հաշվի առնել բնակչության համամասնությունը:

Բարսեղյանը նշել է, որ այս խնդրով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունը, քանի որ արտոնագրված ծրագրերի վաճառքից շահած գումարի մոտ 35 տոկոսն ընկերությունը վճարում է որպես հարկ:

Բարսեղյանի խոսքով` իրենք համագործակցում են կառավարության հետ այդ խնդիրների շուրջ, և որոշակի առաջընթաց գրանցվել է: Մասնավորապես, 2006թ. Business Software Alliance կազմակերպության տվյալներով` Հայաստանում չարտոնագրված ծրագրեր օգտագործողների թիվը կազմում էր համակարգչից օգտվողների 96%, այժմ այդ թիվը նվազել է` 90%: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշով աշխարհում առաջինը Վրաստանն է` 95%, իսկ Հայաստանը եզրափակում է «լավագույն» հնգյակը:

«Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ իրենց «պայքարի» հիմքում ընկած է օգտատերերի հետ աշխատանքը: Նրա խոսքով` իրենք փորձում են բացատրել, որ արտոնագրված ծրագրերից օգտվելն իրականում ավելի ձեռնտու է օգտատերերին, քան անօրինական ծրագրերի օգտագործումը:

Բարսեղյանի կարծիքով` առանց հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների լուծման չենք կարող կայացած տնտեսության մասին մտածել:

«Եթե երկիրը ցանկանում է իննովացիայի վրա հիմնված տնտեսություն ունենալ, ապա առանց հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրի լուծման դա անհնար է անել», – նշել է Բարսեղյանը:

Tekali Taxi