2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բնապահպանին անհանգստացնում են Սևանա լճի մոտ գտնվող գործարանները

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքներում կառուցվող շինությունների հարցում պարզապես արձագանքում է, սակայն վերջնական լուծում չի տալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսել է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Զարաֆյանը որպես օրինակ նշել է Շորժայի տարածքում գտնվող «Գեգամետ+» ընկերության վերամշակման գործարանը:

«Մենք հանդիպել ենք «Գեգամետ+» ընկերության նախագահ Վլադիմիր Գասպարյանի հետ, խոսել գործարանի վնասակարության մասին, սակայն նա մեզ փոխանցել է, որ իրենց գործունեությունը վնաս չի պարունակում, իսկ վերամշակման արդյունքում առաջացած թափոններն էլ բնական ֆիլտր են ներառում, և իրենցից վտանգ չեն առաջացնում»,- պատմել է Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանը նույնքան վտանգավոր է համարում «Միկա ցեմենտ» ընկերության ծավալած գործունեությունը:

«Միկա ցեմենտ ընկերությունն էլ օր ու գիշեր ցեմենտ է տանում Արտանիշ կոչվող  տարածքից, սակայն այդ տարածքը նույնպես ներառված է Սևանի էկոհամակարգի մեջ»,- ասել է բանախոսը: