Գլխավոր / Հայաստան / Հայաստանյան ՀԿ-ները ԵԽԽՎ-ից պահանջում են համազեկուցողների անհապաղ այցը Հայաստան

Հայաստանյան ՀԿ-ները ԵԽԽՎ-ից պահանջում են համազեկուցողների անհապաղ այցը Հայաստան

Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ խորը հիասթափություն ու տարակուսանք են հայտնել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք, դեռ  հունիսի 22-ին Հանձնաժողովի կողմից արտոնված այցի հերթական հետաձգման կապակցությամբ:

Այս մասին ասված է  մի շարք եվրոպական կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային, «Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը և «Հյուման ռայթս ուոթչ» կազմակերպությանը, հղած նամակում, որը ստրոգրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն և Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ-ն:
 
«Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կոպտորեն խախտում են Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես, շարունակում են ակնհայտորեն անտեսել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին չորս բանաձևերի հիմնական պահանջները, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ ցուցաբերել անընդունելի փափկություն», – ասված է նամակում:
 
Կազմակերպությունները նշում են, որ, հանդուրժելով համազեկուցողների այցն իրականացնելու դիմումի մերժումը ՀՀ իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է միմիայն 2008 թ-ի նախագահական ընտրություններից ի վեր կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու վերջիններիս ձգտումով, Հանձնաժողովը փաստորեն դառնում է խաղալիք ՀՀ իշխանությունների ձեռքերում և նպաստում է նրանց անպատժելիության խորացմանը:
 
«Համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները և այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել Մոնիտորինգի ընթացակարգի իմաստավորվածության և Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ», – նշել են նամակի հեղինակները:
 
Անընդունելի համարելով ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը` վերոնշյալ հասարակական կազմակերպությունները մեկ անգամ ևս կոչ են անում Հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը:

Tekali Taxi