Գլխավոր / Армения / Հայ գործարարները կամաց-կամաց հասունանում են. կարծիք

Հայ գործարարները կամաց-կամաց հասունանում են. կարծիք

2010 թվականին ստանդարտացման միջազգային օրն անցնելու է «Ստանդարտներն օգնում են ձևավորել աշխարհը, որը մատչելի է բոլորին» կարգախոսի ներքո: Այս մասին ասել է Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար Ենոք Ազարյանը: Նա նշել է, որ հոկտեմբերի 14-ին միջազգային գիտատեխնիկական հասարակությունը 41-րդ անգամ կնշի ստանդարտացման միջազգային օրը:

Կառույցի ամենահին աշխատակից, ստանդարտացման բաժնի պետ Արթուր Ստեփանյանը հայտարարել է, որ 2009-2010թ.թ. տնտեսության գերակայող ճյուղերում ընդունվել և գործողության մեջ են դրվել շուրջ 210 ազգային ստանդարտ, որոնց 60% ներդաշնակեցված է միջազգային և եվրոպական ստանդարտների հետ:

«Այդ ստանդարտների կիրառումը կաջակցի արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության և որակի բարձրացմանը, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը և արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում», – ասել է Ստեփանյանը:

Այն հարցին` արդյոք հայ գործարարների գիտակցական մակարդակն այնքանով է բարձրացել, որ նրանք կարող են դիմել Ինստիտուտի օգնությանը, Ստեփանյանը պատասխանեց, որ ստանդարտացումը կամավոր գործունեություն է.

«Ոչ բոլոր ձեռնարկատերերն ու արտադրողներն են եկել այն գիտակցության, որ ստանդարտներն անհրաժեշտ են իրենց: Նրանց մոտ դեռ այն մոտեցումն է, որ պետությունն իրենց համար ստանդարտներ է ստեղծում, նրանք պետք է կիրառեն»:

Ստեփանյանի խոսքերով` ամբողջ աշխարհում արտադրողները, նախագծողները, փորձարկման լաբորատորիաները մասնակցում են ստանդարտացման գործընթացին:

«Արտադրողներն իրենք են ֆինանսավորում ստանդարտացման աշխատանքները, որպեսզի նրանց արտադրանքը կարողանա դուրս գալ գլոբալ շուկա», – ասել է Ստեփանյանը:

Այնուամենայնիվ, Արթուր Ստեփանյանն ասել է, որ հայ գործարարները կամաց-կամաց հասունանում են:

Tekali Taxi