Գլխավոր / Հայաստան / ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացնում է այն մասին, ինչը հայտնի էր մեկ շաբաթ առաջ

ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացնում է այն մասին, ինչը հայտնի էր մեկ շաբաթ առաջ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է N զորամասի զորամասի նկուղում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի մահվան պատճառներին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերնարկված անհրաժեշտ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Ս. Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող երեք սերժանտ և երեք շարքային զինծառայողներ: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար», – նշում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ սպաների ձերբակալության մասին դեռևս հոկտեմբերի 6-ի իր համարում գրել էր «Ժամանակ» օրաթերթը:

««Ժամանակի» տեղեկություններով` զորամասի սպաներն են կախել նրան, որոնցից մի քանիսն այժմ ձերբակալված են: Տուժողի մարմնի վրա դիահերձման ժամանակ բազմաթիվ կապտուկներ են եղել: Այժմ հարցաքննվում են նաև զորամասի զինվորները», – նշված էր օրաթերթում տպագրված հոդվածում:

Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթը ներկայացրել էր սպանված զինվորի մոր կարծիքը, ով հայտարարել էր, որ «7 հոգով իրենց վայրենի լեյտենանտի հրահանգով ծեծել են իմ տղային: Բայց նա էդ բոլորից էլ չի վախեցել, առանձնացել է նրանց հետ` չպատկերացնելով, որ կսպանեն իրեն: Առանձնացել է ու հոշոտել են տղայիս,- արտասվելով պատմեց Սամվելի մայրը` նկարագրելով, թե ինչ վիճակում է տեսել իր որդու դին.- նա ո՞նց կարող էր ինքնասպան լինել, եթե նրա մատները կոտրված էին, ձեռքը կոտրված էր: Ամբողջ գլուխը ջարդել էին, արյան զեղումներ կային, ոտքերի ոսկորները, սեռական օրգանները ամբողջությամբ փշրել էին, ոչինչ չէին թողել այդ գազանները: Իմ բալային հոշոտել էր այդ գայլերի ոհմակը»:

Tekali Taxi