Գլխավոր / Армения / Երևանն ու Բաքուն պետք է հրաժարվեն «Ղարաբաղը մերն է» կարգախոսից

Երևանն ու Բաքուն պետք է հրաժարվեն «Ղարաբաղը մերն է» կարգախոսից

Հայ-թուրքական հարաբերություններն իրատեսական կդառնան նրանից հետո, երբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում որևէ հեռանկար նկատվի։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Newcaucasus-ին տված հարցազրույցում։ Անկախ այն փաստից, որ Սուրենյանցը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի շարքերից, այս հարցում նա համակարծիք է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կամ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի որոշակի լուծում կլինի։ Դրան կհաջորդի հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը տարաձայնություն չունեն»,- ասել է Սուրենյանցը։

Նրա կարծիքով՝  երկու կողմերն էլ գիտակցում են, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ «Բնական է` հայկական կողմի համար շատ կարևոր է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքներն այնպիսի հնարավորություն են ընձեռում, ըստ որի հարցի կարգավորման դեպքում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը նահանջող երկիր չեն լինի»,- նշել է փորձագետը։

Սուրենյանցը նաև վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե Երևանում և Բաքվում հրաժարվեն անիրատեսական «Ղարաբաղը մերն է» կարգախոսից։ «Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկական, որ երկու կողմերն էլ միացյալ Կովկասի անբաժանելի մասն են կազմում, որը, իր հերթին, փորձում է ինտեգրվել Եվրոպա։ Այս դեպքում տարածքային պատկանելության հարցը երկրորդական է դառնում»,- ասել է քաղաքագետը։

Նա նաև նշել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որակի պատճառով։ «Երկու իշխանություններն էլ բռնապետական են, երկուսն էլ ավելի շատ զբաղված են հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու հարցով, քան երկարատև խաղաղություն հաստատելու խնդրով։ Բայց Երևանում և Բաքվում իշխանության ղեկին պրագմատիկ անձինք են, ովքեր գիտակցում են պատերազմի ողջ վտանգը։

Հայկական կողմը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունի, իսկ Ադրբեջանում դա ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն։ Բայց քանի որ երկու երկրներում էլ ազգայնական կոչ կա, պատերազմի սպառնալիքն ահագնանում է։ Բացի այդ, տարածաշրջանում մեծ է Ռուսաստանի և Իրանի շահագրգռվածությունը, որոնց քայլերն անկանխատեսելի են»,- նշել է Սուրենյանցը։

Tekali Taxi