Գլխավոր / Армения / Երևանի փոխքաղաքապետից պահանջում են ներողություն խնդրել

Երևանի փոխքաղաքապետից պահանջում են ներողություն խնդրել

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից ներողություն խնդրել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ Երևանի այգիները քաղաքացիների հանգստի և առողջության համար կենսական տարածքներ են. Ցանկացած ոտնձգություն անգամ մեկ ծառի հանդեպ հանցագործություն է ծառազուրկ Երևանի և Հայաստանի հանդեպ. Երևանի մասին օրենքի 62-րդ և 64-րդ հոդվածների համաձայն ի թիվս այլոց Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից են «քաղաքային հանգստի գոտիների ստեղծումն ու  պահպանումը»:

Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում  պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»։

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, նախաձեռնության անդամների խոսքով, «հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով»:
Հայտարարության հեղինակները նշում են, որ եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:

Tekali Taxi