Գլխավոր / Հայաստան / Հայաստանն ու Իրանը գոհ են էներգետիկ համագործակցությունից

Հայաստանն ու Իրանը գոհ են էներգետիկ համագործակցությունից

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցող ակտիվ փոխայցելությունների, հայ-իրանական փոխշահավետ համագործակցության կայուն զարգացման կապակցությամբ և նշեց, որ էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում` նորանոր ծրագրեր են մշակվում և կյանքի կոչվում:

Մաջիդ Նամջուն, իր հերթին, նշեց, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը, և վերջին շրջանի ակտիվ փոխայցելությունները դրա մասին են վկայում: Նա ներկայացրեց էներգետիկ բնագավառում երկկողմ փոխգործակցության ընդլայնման նպատակով իրանական կողմից ձեռնարկվող քայլերը:

Նախարար Նալբանդյանը կարևորեց երեկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը և այսօր Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնյակից ավելի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Tekali Taxi