Home / Հայաստան / Ապահովել մարդու կյանքի իրավունքը. նոր մոդել համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար

Ապահովել մարդու կյանքի իրավունքը. նոր մոդել համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար

Համաշխարհային ճգնաժամը դա ոչ թե մասնավոր տնտեսական անբարենպաստ գործոնների համադրումն է, այլ եղած հասարկական և տնտեսական մոդելի ընդհանուր սնանկության արտահայտություն: Երեկ «Փոքր Խորհրդի» հերթական նիստի ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամին առնչվող խնդիրների մասին է  խոսել թատերագետ Արա Նեդոլյանը:
Իր զեկույցի ընթացքում Նեդոլյանը նշել է, որ ժամանակակից ոչ մի հասարակություն դեռ չի ընդունել մարդու կյանքի անվերապահ իրավունքը, այլ պայմանավորվում է այդ իրավունք ստանալը մարդու «աշխատանքով»:

«Աշխատանքը նշանակում է, որ մարդ հատկացնում է ինքն իրեն, իր մարմինը և իր ապրեու ժամանակը, մեկ ուրիշի ժամանակավոր իշխանությանը, որպեսզի փոխարենը ստանա փող՝ ապրելու իրավունք: Արդյունքում աշխարհի բոլոր տնտեսությունները, Ամերիկայից մինչև Հայաստան հակված են արտադրելու ոչ թե արդյունք /վերջին հաշվով, փող/, այլ հենց աշխատատեղեր, ավելացնելով աշխարհում ոչ արդյունավետ, էքստենսիվ աշխատանքը, որը կատարվում է ոչ թե մարդու կամքը իրականացնելու համար, այլ մարդու կամքին շատ հաճախ հակառակ, և արդյունքում սկսում է կլանել ավեի շատ փող, քան արտադրում է», – ասել է Նեդոլյանը:

Զեկուցողի խոսքով՝ աշխարհի գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները, պետությունից մինչև անհատ, արդյունքում միայն կուտակում են պարտքեր, այլ ոչ թե խնայումներ: Նման համակարգն այլևս ընդունակ է լինելու կատարել միայն մարդկանց և բնության ուժեղացող շահագործում, սոցիալական նվաճումների կրճատում, և միևնույնն է չի կարողանալու արտադրել մի ապագա, որ ներկայից լավը կլինի:

«Նման սիսթեմի պահպանումը ձեռնտու է միայն իշխանություն իրականացնող դասակարգերի, քանի որ ամրապնդում է իրենց իշխանությունը ձևականորեն ազատ մարդկանց վրա, մեկնաբանելով նրանց իբրև «աշխատավոր», որոնք իբր թե աշխատանքի կարոտ են ապրում, իսկ աշխատանքը ստեղծում և կազմակերպում են էլիտաները, և այն միշտ էլ բոլորին չի հերիքում», նշել է Արա Նեդոլյանը:

Որպես փոխարինող համակարգ բանախոսը ներկայացրել է հասարակական-տնտեսական նոր մոդել, որտեղ որ մարդու ապրելու իրավունքը ճանաչվում է անվերապահորեն, և մարդը ստանում է կյանքի համար անհրաժեշտ փող /պայմանական՝ ամիսը 700 եվրո/ առանց որևէ պայմանների, իբրև մարդու իրավունք:

«Դրանից հետո՝ մարդը ազատ է մասնակցել իբրև արտադրող տնտեսական կյանքին կամ չմասնակցել, բայց ակնհայտ է, որ մասնակցության դեպքում նա ստանում է գործելու լրիվ այլ մոտիվացիա՝ ոչ թե սովի վախը և հետևաբար՝ ենթարկվելու անհրաժեշտությունը, այլ՝ իրեն դրսևորվելու, հասարակական-արտադրական կյանքի մասնակցելու միջոցով կայանալու մոտիվացիան:  Նման սկզբունքով կառուցվող տնտեսությունը միայն ընդունակ է լինելու կտրուկ բարձրացնել իր արդյունավետությունը, լիովին օգտագործել մարդկության գիտատեխնիկական պոտենցիալը և ստեղծել տնտեսություն, որը կարտադրի ավելին քան կկլանի, հետևաբար, կկարողանա ապահովել ավելի ազատ ու բարեկեցիկ, այլ ոչ ավելի աղքատ ու անազատ ապագա՝ բոլորի համար: Տնտեսավարման նման մոդելը բերելու է հասարակության կազմակերպման այլ ձևերի, որոնք հիմնված են լինելու ոչ թե հրամայելու և ենթարկվելու, վերադասի և ստորադասի, այլ՝ հավասարների հարաբերությունների վրա, երբ որ մեկը մյուսին կարող է մասնակից դարձնել իր գործին ոչ թե վարձելով, այլ դարձնելով համասեփականատեր և համատեղ որոշումներ ընդունող», – նշել է Նեդոլյանը:

Նրա խոսքով՝ նման նախագիծը, որը կրում է համաշխարհային բնույթ, դժվար թե հնարավոր լինի իրականացնել մեկ պետության սահմաններում, և ենթադրում է աշխարհի ազատական ուժերի համար մեկ ընդհանուր քաղաքական պահանջ ձևակերպելու անհրաժեշտությունը, այն է՝ գործնականում ապահովել մարդու կյանքի իրավունքը՝ դրա համար իրականացնելով համապատասխան հասարակական և տնտեսական մոդելների արմատական փոփոխություն:

Tekali Taxi