Գլխավոր / Армения / Տաթևցիները չկարողացան իրենց հարսանիքի ընթացքում սեփական օջախում լինել

Տաթևցիները չկարողացան իրենց հարսանիքի ընթացքում սեփական օջախում լինել

Ոնց որ տանդ մեջ հարսանիք լինի, ու դու չմասնակցես: Այսպես էին բնորոշում Տաթևի գյուղացիները այն փաստը, որ իրենց արգելված էր ներկա գտնվել ճոպանուղու բացման արարողությանը:

Երեկ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Տաթև-Հալիձոր երթուղով աշխարհի ամենաերկար երկկողմ ուղևորատար ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությունից առաջ փակ էին ճանապարհները` սկսած Հալիձոր տանող մայրուղուց:

Ըստ պաշտոնական տվյալների` նման միջոցառումներն իրականացվել են անվտանգության նկատառումներով: Չնայած այդ բացատրությանը, տաթևցիներն ու հալիձորցիները դժգոհ էին և ոչ մի կերպ չէին ընդունում այդ փաստը:

Դեռ Հալիձորի ճանապարհին գրեթե ողջ գյուղը դրսում էր և հետևում էր անցուդարձին: Տաթև վանքի շրջակայքում արդեն բոլոր տաթևցիները հավաքվել էին և հետաքրքրությամբ հետևում էին Երևանից և արտերկրներից ժամանած հյուրերին: Սակայն  ճոպանուղու մոտ բացման արարողության ժամանակ նրանց թույլ չտվեցին ներկա լինել:

Մեզ հետ զրույցում գյուղացի մի տարեց կին իր կարծիքը ներկայացրեց տեղի ունեցածի մասին.
«Պատճառաբանում են, որ մարդիկ շատ են, մենք ոտքի տակ կընկնենք: Բայց խոստացել են, որ մեր համար հատուկ օր պիտի լինի. ամսի 23-ին մենք էլ պիտի օգտվենք ճոպանուղուց: Բայց դե էսօր, հիմա չեն թողնում: Ըստ օրենքի` գյուղի մեծերն էլ պետք ա ներկա լինեն, բայց չեն թողնում: Ի՞նչ վտանգ կա, ի՞նչ կա, որ պիտի քանդենք. էս մեր գյուղն ա, մեր բակն ա»,- ասում էր տաթևցի տատիկը, ու միաժամանակ գովում ճոպանուղին.

«Ոչ երազ էր, ոչ հեքիաթ, այլ իսկական մի հրաշք: Ու ամենակարևորն էն ա, որ ճանապահրները սարքել են»,- պատմում էր տատիկը՝ խոսելով այն փոփոխությունների մասին, որ տեղի են ունեցել այս տարածաշրջանում վերջին ամիսների ընթացքում:

Գյուղի երեխաններ էլ պատմում էին, որ շատ են ուզում ներս մտնել, սակայն, մատնանշելով հյուրերի համապատասխան անցագրերին, ասում էին.

«Դե մենք էս բաներից չունենք, մեզ չեն թողնում»:

Հարկ է նշել, որ միջոցառման աշխատանքերին ներգրավված էին նաև գյուղացիները:
Տարածքի մաքրությամբ զբաղվող մի կին պատմեց, որ իրենք աշխատում են հոկտեմբերի 11-ից:

«Մենք ամսի 11-ից աշխատում ենք` 11 կին, ու մի էդքան էլ տղամարդ: Խոստացել են օրական 4000 դրամ, բայց դե մինչև էսօր ոչ մի բան չենք ստացել, ասում են դեռ ժամանակ չկա, վերջում կտանք, տեսնենք էլի, երևի կտան»,- պատմում էին տաթևցիները:

Tekali Taxi