2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արա Աբրահամյանը համոզված է, որ հայերը Ռուսաստանում ազգային հողի վրա խնդիրներ չունեն

Շատ կարճ ժամանակահատվածում մենք ստեղծեցինք մի ուժ, որն օգնում է պահպանել մեր լեզուն և մշակույթը և մասնակցել Ռուսաստանի զարգացմանը: Խոսելով Ռուսաստանի հայերի միության տասնամյակի մասին` այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կառույցի նախագահ Արա Աբրահամյանը:

Նա հանգամանալից ներկայացրել է Միության գործունեությունը` նշելով. «Մենք բավական լավ փորձ ենք ձեռք բերել: Կարող եմ ասել, Ռուսաստանի իշխանությունները և այլ կառավարական կառույցներ բարձր գնահատական են տվել Ռուսաստանի հայերի միությանը, որովհետև երբ ինչ-որ հարց է քննարկվում, մենք ներկա ենք, մենք ասում ենք մեր կազմակերպության մասին»:

Նրա խոսքերով, Ռուսաստանում ընտրությունների ժամանակ «չկա մի կուսակցություն, որ մեր կազմակերպության առջև ելույթ չունենա»:

Աբրահամյանը խոսել է նաև ազգային հողի վրա ծագող խնդիրների մասին և ասել է, որ Հայերի միությունը կարողացել է իր «հասարակական պարտականությունները կատարել»:

«Այսօր այդպիսի խնդիրներ չկան, լինում են առանձին դեպքեր»,- ասել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միությունը, ըստ Աբրահամյանի, «սփյուռքի այլ հասարակական կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ մենք աշխատում ենք անմիջապես կառավարության, իշխանությունների հետ»:

Պատասխանելով կարծիքներին այն մասին, որ Աբրահամյանը ոչինչ չի արել Հայաստանի համար`Ռուսաստանի հայերի միության նախագահն ընդգծել է.

«Արա Աբրահամյանը պարտավոր չէ ոչինչ անել: Արա Աբրահամյանն այն տասը միլիոն հայերից մեկն է: Արա Աբրահամյանն իր վրա վերցրել է մի պարտականություն և իր համախոհների հետ միասին ստեղծել է մի կազմակերպություն, որը Ռուսաստանի հասարակական կազմակերպություն է և ոչնչով պարտավոր չէ: Մենք ազգասեր մարդիկ ենք»:

Նա նաև նշել է, որ ինքը և իր համախոհները ոչ մեկից փող չեն ուզում գործ անելու համար: Աբրահամյանի խոսքով` իրենց գործերը թվարկելու համար 5 ժամ կպահանջվի, սակայն նշել է դրանցից ևս մի քանիսը:

«Ես ինքս բիզնեսմեն եմ: Ես շատ եմ սիրում Ռուսաստանը, ես Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի եմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ գյուղը, սիրում եմ իմ ժողովրդին»: Բացի այդ, Աբրահամյանի պոսքով, ինքը չի մրցում որևէ մեկի հետ, և երջանիկ կլինի, եթե բոլորն անեն իրենից շատ:

Նա բացթողումների շարքին է դասել այն, որ հայ բիզնեսմենները «զերծ են մնում միասնական ուժով հանդես գալուց»:

«Ես կարող եմ շնորհակալություն հայտնել Սամվել Կարապետյանին, որ բավական մեծ միջոցառումներ է անցկացնում», - նշել է Աբրահամյանը:

Ավարտելով իր գործերի թվարկումը` Աբրահամյանն ասաց, որ եթե դա ոչինչ է, նա կաշխատի անել ավելին, որ «ոչինչ» չլինի:

Նրա այս արտահայտությունը գնահատեց դահլիճում գտվողներից մեկը, որը ծափահարելով ասաց` «հոյակապ է»: