Գլխավոր / Армения / ԵԽ-ի գլխավոր քարտուղարին խնդրել են այցելել Հայաստանի քաղբանտարկյալներին

ԵԽ-ի գլխավոր քարտուղարին խնդրել են այցելել Հայաստանի քաղբանտարկյալներին

Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով վաղը ժամանելու է Հայաստան` «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովին մասնակցելու նպատակով:

Նամակի հեղինակները հերթական անգամ նշել են, որ չնայած ԵԽԽՎ-ի ընդունած 1609 (2008), 1622 (2008), 1643 (2009) և 1677 (2009) բանաձևերում արտահայտված հստակ պահանջներին, Հայաստանի իշխանությունները հետամուտ չեն եղել Մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը և ազատ չեն արձակել քաղաքական հողի վրա բանտարկված անձանց:

«Անմեղ մարդկանց սպանությունների համար պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ 13 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ անազատության մեջ», – ասված է նամակում:

Երևանում կայանալիք համաժողովը դիտարկելով որպես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հնարավորություն` նամակի հեղինակները կոչ են արել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին ստիպել Հայաստանի իշխանություններին.

1.    անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
2.    ապահովել 2008թ. Մարտի 1-ի դեպքերի անկախ և անաչառ հետաքննությանը

«Բացի այդ, մենք խնդրում ենք Ձեզ` որպես Եվրոպայի Խորհրդի գխավոր քարտուղարի, այցելել 2008թ. նախագահական ընտրություններից հետո բանտարկված անձանց (քաղբանտարկյալների ցուցակը կցված է նամակին)»,- գրում են հ/կ-ներն ու վստահություն հայտնում, որ այդ այցերը կստիպեն ՀՀ իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչը և պահանջում է ԵԽԽՎ-ն:

Նշենք, որ նամակի տակ ստորագրել են Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Լևոն Բարսեղյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), Նատալյա Միրզոյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե), Նադեժդա Հակոբյանը (Մենք պլյուս ՀԿ), Սոնա Այվազյանը (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Մելիսա Բրաունը (Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ), Միքայել Դանիելյանը (Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա),
Վարդան Հարությունյանը (Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ), Նունե Դիլանյանը (Միջնաբերդ մշակութային-կրթական հ/կ), Կարեն Հակոբյանը (Հույս հ/կ), Իզաբելլա Սարգսյանը (Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության)

Tekali Taxi