2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինձ չի հետաքրքրում սերիալի մակարդակի գործչի կարծիքը. Արամ Մանուկյան

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Եվրոպական լիբերալ կառույցների հետ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը համատեղ փաստաթղթեր է ստորագրել, որոնց հիմնական նպատակն է հանդուրժողականության դաշտ ստեղծել տարածաշրջանում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը խոսել է այդ փաստթղթերի մասին:

«Առաջինը եվրոպացի պատգամավորների ALDE դաշինքի (Լիբերլաներն ու դեմոկրատները Եվրոպայի համար - Epress.am) հայտարարությունն էր, համաձայն որի նրանք աջակցելու են Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործին»,- ասել է Արամ Մանուկյանը:

Նա նաև նշել է Պոտսդամյան հուշագրի մասին, որը ստորագրել են Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, Վրաստանի հանրապետական կուսակցությունը և Հայաստանի Հայոց համազգային շարժում կուսակցությունը:

«Հաջորդը դա 38 եվրոպական երկրների լիբերալ կուսակցությունների ալիանսն է, որի մեջ մտնում են 58 կուսակցություններ: Այս ալիանսի մեջ կան եվրոպական երկրների հինգ վարչապետներ, այն թվով երրորդ քաղաքական ուժն է Եվրոպայում»,- հավելել է բանախոսը:
Իսկ թե ինչպես է Արամ Մանուկյանը վերաբերվում այն քննադատություններին, որ իրենք, այսպես կոչված, թշնամի երկրի ընդդիմության հետ հուշագիր են ստորագրում, ՀՀՇ վարչության ղեկավարն ասել է.

«Սերիալի մակարդակի քաղաքական գործիչը, իհարկե, պետք է քննադատի այդ համաձայնագիրը: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են ասում: Էդ որ իրենք Թուրքիայի հետ սիլի-բիլի էին անում` ֆուտբոլ էին խաղում, տոլմա էին ուտում, ով բան ասաց, լավ էին անում: Ով փորձի սրա դեմ խոսել, ниже плинтуса (պլինտուսից ցածր – Epress.am) մակարդակ է»,- իր խոսքն ավարտել է բանախոսը: