Գլխավոր / Հայաստան / Ազատության հրապարակի առավելությունները` տեղի փող չեն ուզում

Ազատության հրապարակի առավելությունները` տեղի փող չեն ուզում

Ազատության հրապարակում ձեռագործ աշխատանքները վաճառքի հանելը ձեռնտու է, քանի որ այնտեղ տեղի համար գումար չեն պահանջում, Epress.am-ի հետ զրույցում պատմել են Երևանի Ազատության հրապարակում տեղակայված մանրավաճառքով զբաղվող կետերի տերերը:

Նրանց հետ զրույցը բավական բարդ ընթացք ունեցավ: Արծաթեղեն, շապիկներ, փայտյա իրեր, հուշանվերներ վաճառողները չէին ցանկանում պատասխանել հարցերին, իսկ այն երեք համարձակները, ովքեր խոսեցին, չցանկացան ներկայանալ:

Նրանք պատմեցին, որ Ազատության հարապարակի ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է քաղաքապետարանը: «Մենք բոլորս էլ աշխատում ենք վերնիսաժում: Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ նման միջոցառում են նախատեսում, մենք էլ մեծ սիրով եկանք մասնակցեցինք»,- ասել է ցուցահանդես-վաճառքի մասնակից մի կին:

«Վերնիսաժում մենք օրը 1000 դրամ ենք տալիս տեղի համար: Համ էլ չեմ հասկանում, ինչի են մարդիկ վատ բան տեսնում սրա մեջ. ասում են` չեք ամաչում, էստեղ չարչիություն եք անում, բայց ես չեմ կարծում, որ մեր գործերը ցուցադրելը չարչիություն ա»,- պատմել է մեր զրուցակիցը և հավելել, որ աշխարհում ընդունված է նման վայրերում ցուցահանդես-վաճառքներ կազմակերպել, և դրանում ոչ մի վատ բան չկա:

«Ես եղել եմ Եվրոպայում և տեսել եմ նման միջոցառումներ այսպիսի հրապարակներում»,- ասել է նա:

Մեր մյուս երկու զրուցակիցները գրեթե նույն բանն էին պատմում` նշելով, որ տեղն անվճար է, և լավ է նրանով, որ քաղաքի կենտրոնում է:

«Ուղղակի պետք է ավելի շատ գովազդ անեին, որ շատ մարդ իմանար էս մասին»,- պատմել է մասնակիցներից մի տղամարդ:

Երեքն էլ զրույցի ընթացքում փորձում էին արդարացնել իրենց` Ազատության հրապարակում գտնվելու փաստը, թեև Epress.am-ի լրագրողն արդարանալու պատճառ հանդիսացող որևէ հարցադրում չէր արել:

Հիշեցնենք, որ վերջին մեկ և կես ամսվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու բազմաթիվ հայտեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնք մերժվել էին: Նախկինում քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ Ազատության հրապարակում մանկական կարուսելների և ատրակցիոնների գործունեության պայմանագիր է կնքել, ապա հրապարակում Երևանի 2792-ամյակին նվիրված տոնախմբության փորձեր էին իրականացվում, իսկ այժմ այնտեղ տեղադրվել են հովանոցներ, որոնց տակ մանրածախ առևտուր է իրականցվում:

Tekali Taxi