Գլխավոր / Հայաստան / Բռնություն կիրառելու ավանդույթը դպրոցներում միշտ եղել է. տնօրեն

Բռնություն կիրառելու ավանդույթը դպրոցներում միշտ եղել է. տնօրեն

Առանց հասարակական աջակցության դպրոցը չի կարող փոխվել. միևնույն ժամանակ, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչիները պետք է դառնան այդ գործի նախաձեռնողներ: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Ընդհանրապես, մթնոլորտը պիտի խնայող լինի երեխայի և ուսուցչի նկատմամբ, այլ հարաբերություններ են պետք, այլ աշխարհ է պետք կառուցել», – նշել է Epress.am-ի զրուցակիցը:

Խոսելով վերջին շրջանում ինտերնետում հայտնված դպրոցական տեսահոլովակների մասին, որտեղ ուսուցիչները բռնություն են կիրառում աշակերտների նկատմամբ, Բլեյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած տիպի դպրոց պետք է լինի բաց համայնք մինչև վերջ, պիտի գործի հրապարակային և տեսանելի:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները, փաստորեն, այդ հնարավորությունները բազմապատկում են: Ես համոզված եմ, որ դպրոցը` որպես բաց համայնք, պետք է լինի այն օրինակը, որը պիտի ցույց տա, ինչպիսի հասարակություն ենք մեզ ուզում կառուցել», – ասել է տնօրենը:

‏‏‏‏‏Բլեյանի կարծիքով` հասարակությունը պիտի օգնի դպրոցին դառնալ մի վայր, որտեղ երեխայի իրավունքները հարգված են, որտեղ արդար հասարակություն է ստեղծված, ուսուցիչների և աշակերտների միջև այլ հարաբերություններ գոյություն ունեն, որտեղ երեխայի իրավունքները մինչև վերջ պաշտպանված են, և գլխավոր իրավապաշտպանը հենց ուսուցիչն է:
‏‏
Որպես օրինակ կրթահամալիրի տնօրենը բերեց իր ղեկավարած կառույցը.

«Մեր կայքը` www.mskh.am-ը, վերջին երեք-չորս ամսվա ընթացքում խմբագիր չունի: Կայքում նյութ դնելու հմտությունները, կարողությունները փոխանցում ենք յուրաքանչյուր ուսուցչի, յուրաքանչյուր սովորողի, և մեր յուրաքանչյուր սովորող կարող է կայքում նյութ տեղադրել: Այսինքն` ամեն երեխա կարող է իր խնդիրը դարձնել հանրության սեփականություն: Ամեն ինչ արվում է, որ մեր ուսումնական գործունեությունը լինի թափանցիկ»:

Նշենք, որ կրթահամալիրին առընթեր Գեղարվեստի դպրոցում արդեն իսկ տեսախցիկներ են տեղադրված, և ծնողները ինտերնետի միջոցով կարող են տանից հետևել ուսուցչի և երեխայի գործունեությանը: Սա, ըստ նախկին նախարարի, դառնում է «մի տեսակ մանկավարժությունը խթանող միջոց»:

Մեր հարցին, թե որտեղից է գալիս բռնություն կիրառելու ավանդույթը և կային արդյոք նմանատիպ դեպքեր խորհրդային դպրոցներում` Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Դա միշտ եղել է, դաժան ձևեր է ընդունել և տարածված է: Ուրիշ բան, որ ամեն մի կոնկրետ խնդիր պետք է առանձին դիտարկել, քանի որ «անոնիմկայի նման մի բան է ստացվում»»:

Ծնողը, Բլեյանի կարծիքով, տարբեր պատճառներով խուսափում է հրապարակայնությունից, կարծում է, թե նրան կհետապնդեն, և այս պարագայում բջջային հեռախոսն ու Youtube կայքը դառնում են «շատ լավ միջոց»: Այն, որ այս երևույթը համատարած է, դա փաստ է, շեշտել է կրթահամալիրի տնօրենը:

Այս խնդիրները լուծելու համար փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության ներսում.

«Հասարակությունը պետք է լինի արդար, դրա համար քաղբանտարկյալներին պետք է արագ ազատեն, արտահայտվելու իրավունքը լինի պաշտպանված: Դա երկարատև պռոցես է, որովհետև դպրոցը փակ մի անկյունում գործել է, հիմա պարզվում է, որ կա խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն, և դա լավ է, մարդիկ օգտագործում են այդ միջոցները»:

Tekali Taxi