Գլխավոր / Армения / ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողին կոչ են արել հրաժարվել մանդատից

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողին կոչ են արել հրաժարվել մանդատից

«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին` նշելով, որ վերջինս չի կարողանում ձերբազատվել հայաստանյան ընդիմության և իշխանության ճնշումներից:

«Մամուլից տեղեկացանք, որ Դուք, լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի և հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին:
 
Մեր ուշադրությունը գրավեց ոչ թե Ձեր խոսելուց հրաժարվելը, ինչն անկասկած Ձեր իրավունքն է, այլ այն պատճառաբանությունը, թե ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք.

«Ես համազեկուցող եմ, պետք է զեկույց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանությունների հետ, նրանք դժգոհում են, որ իրականությունը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմության հետ, նրանք են ասում, որ իրականությունը չեմ ներկայացնում»:
 
Դուք փաստորեն ընդունում եք, որ էապես կախված եք հայաստանյան իշխանությունների և ընդդիմության իրարամերժ կարծիքներից: Այնինչ ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրված է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կարծիքներից կախված լինելու կամ դրանցից վախենալու, այլ` հայաստանյան իրականությունը ուսումնասիրելու, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելու եւ այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին ներկայացնելու համար:

Ձեր այս խոսքերից ավելի քան պարզ է դառնում, թե ինչու այս 2,5 տարին այդպես էլ բավարար չեղավ ԵԽԽՎ կողմից հայաստանյան կեղծված ընտրությունների միանշանակ դատապարտման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղված եք եղել ոչ թե համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ` հայաստանյան ընդդիմության և իշխանության միջև խուսավարելով:
 
Քանի որ Դուք հայաստանյան ընդիմության և իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության և իշխանության իրարամերժ շահերը, կկարողանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատը», – ասված է նամակում:

Tekali Taxi