Home / Армения / Ժողովրդավարության մայրուղին վերջ չունի. ԵԽ գլխավոր քարտուղար

Ժողովրդավարության մայրուղին վերջ չունի. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

Նա ողջունել և կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը` հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Երևանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն և՛ ԵԽ-ի, և՛ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետևում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է` օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաև համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եվ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Tekali Taxi