Գլխավոր / Հայաստան / Իրանը ցանկանում է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդի

Իրանը ցանկանում է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։

ՀՀ վարչապետը կարևորել է կրթության, առողջապահության և անասնաբուծության բնագավառներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը։

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նույնպես կարևորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի։

Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը ներկայում չորս հարյուր միլիոն դոլար է։ Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ այն պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի։

Ներկայում Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի և Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարությունից, Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մասին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում։

Tekali Taxi