Գլխավոր / Հայաստան / Դինքի սպանությունը չպետք է մոռացության մատնվի, համոզված են Թուրքիայում

Դինքի սպանությունը չպետք է մոռացության մատնվի, համոզված են Թուրքիայում

Թուրքական Today’s Zaman պարբերականի սյունակագիր Ֆաթմա Դիշլի Զիբակն անդրադարձել է Ստամբուլի դատարանի կողմից երկու օր առաջ կայացրած որոշմանը, համաձայն որի Հրանտ Դինքի սպանողի` Օգյուն Սամասթի գործը տեղափոխվում է անչափահասների դատարան:

Այս առիթով երեկ թուրքական մամուլում մի շարք կարծիքներ են հնչել,որոնք էլ մեջբերում է Զիբակը:

Մասնավորապես, «Ռադիկալ» թերթի լրագրող Օրալ Չալիշլարը նշել է, որ «մենք ականատես ենք մի իրավիճակի, որը վնասում է մեր գիտակցությանը»:

Չալիշլարը զարմանք է արտահայտում այն կապակցությամբ, որ Օգյուն Սամասթի դեպքում նման որոշում է կայացվել: Նա նշում է, որ այս դեպքում ինքը Դինքի ընտանիքի նման անօգնական է զգում:

«Յենի շաֆակի» Ալի Բայրամօղլուն կարծիք է հայտնում, որ այս որոշման արդյունքում Սամասթին, հնարավոր է, շուտով ազատ կարձակեն:

«Մի օր մենք կհանդիպենք Սամասթին փողոցում քայլելիս: Մինչ Դինքի գործի քննությունը շարունակվում է, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս չի էլ սկսել քննել այս հարցը, Սամասթը կարող է հետևել Հրանտ Դինքի դատավարությանն իր տանից` հեռուստացույցի առջև նստած», – գրում է Բայրամօղլուն:

«Վաթան» թերթի լրագրող Օքայ Գյոնենսինը նույնպես կարծիք է հայտնում, որ Սամասթին շուտով բաց կթողնեն, սակայն նշում է, որ «այս հասարակությունում կան մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որպեսզի այս սպանությունը մոռացվի»:

Tekali Taxi