Գլխավոր / Հայաստան / Հայաստանն ու Իրանը միասնական մաքսային դարպաս կստեղծեն

Հայաստանն ու Իրանը միասնական մաքսային դարպաս կստեղծեն

Սյունիքի մարզում, հնարավոր է, ստեղծվի արդյունաբերական գոտի, որտեղ ձևավորված ձեռնարկությունները կունենան մեկ ընդհանուր նպատակ` բացահայտել այն ներուժը, որն ունի Հայաստանը գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Իրանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան՝ ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում։

«Մեր ձեռներեցները մաքսային ծառայությունների աշխատանքին վերաբերող մի շարք խնդիրներ բարձրացրեցին այս օրերի ընթացքում, այդ պատճառով մենք հրավիրել ենք Իրանի մաքսային ծառայության ղեկավարին այցելել Հայաստան և հայ գործընկերների հետ քննարկել այդ ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով իրանցի գործընկերների կողմից արված այն առաջարկը, որը ենթադրում է ստեղծել միասնական մաքսային դարպաս։

ՀՀ վարչապետի պարզաբանմամբ` դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտներն ընդամենը մեկ անգամ են շփվելու մաքսազերծման ընթացքի կազմակերպիչների հետ, որն էլ ենթադրում է, որ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև պետք է ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, հաստատվեն կանոններ, որոնք հասանելի կլինեն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին։

«Մեր առևտրաշրջանառության ծավալների մեջ Իրանը զբաղեցնում է ընդամենը յոթերորդ տեղը այն պարագայում, երբ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է էապես բարձրացնել այդ ցուցանիշը և կազմակերպել այնպիսի առևտրաշրջանառություն, որ տնտեսապես ավելի ձեռնտու լինի։ Ջանքեր են ներդրվելու նաև տուրիզմի զարգացման առումով։ Այստեղ մեր տուրիստական գործակալությունները անելիքներ ունեն` ներկայացնելու մեր երկրների տուրիստական գրավչությունները»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Հայ-իրանական համագործակցության ոլորտները կընդլայնվեն նաև կրթական ոլորտում։ Նախատեսվում է հայագիտական կենտրոն ստեղծել Թեհրանի պետական, և Իսլամագիտական կենտրոն՝ Երևանի պետական համալսարաններում։

Tekali Taxi