Գլխավոր / Армения / Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին և զոհվածների դիերը

Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին և զոհվածների դիերը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում կայացած հանդիպմումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Խոսքը հատուկ Հռչակագրի մասին է` ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը», – հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով` այդ փաստաթղթով պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ:

Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով:

«Հաստատելով 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ Հռչակագրի հիմնական դրույթները` նախագահներն ընդգծել են, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով հետագա ջանքեր է պահանջում հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմական ոլորտում վստահության միջոցների առումով», – ասված է համատեղ հայտարաության մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ «այդ նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ փոխանակել ռազմագերիներին և զոհվածների դիերը` ԵԱՀԿ Մինսկի Խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև առաջնորդվել այդ սկզբունքներով նաև հետագայում` ելնելով հարցերի մարդասիրական բնույթից»:  

Tekali Taxi