Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահին չի խնդրել չճանաչել Ցեղասպանությունը. խոսնակ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահին չի խնդրել չճանաչել Ցեղասպանությունը. խոսնակ

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հերքել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն և խնդրել չճանաչել Հայոց Ցեղասպանությունը հայ-թուրքական գործընթացի թեժ պահին:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին youtube-ում տեղադրված տեսանյութում` http://www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k , ԱՄՆ փոխնախագահը զրուցում է հայկական համայնքի ներկայացուցիչ մի երիտասարդի հետ և վերջինիս փոխանցում է Հայաստանի նախագահի խնդրանքը չթեժացնել այս խնդիրը, քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում:

Արմեն Արզումանյանի խոսքով` Սերժ Սարգսյանը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին և նման բան չի ասել:

«Ջո Բայդենի նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը», – ասել է Արմեն Արզումանյանը:

Ստորև ներկայացնում ենք Ջո Բայդենի և հայ երիտասարդի զրույցը.

Երիտասարդ. «Ես հայ եմ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն գործի համար, որ դուք կատարել եք Սենատում: Մի հարց ունեմ. ես հայկական համայնքում ակտիվ ներգրավված եմ և գիտեք, մենք…»:

Բայդեն. «Այո, գիտեմ»:

Երիտասարդ. «… մենք շատ վրդովված էինք: Ես ուզում եմ իմանալ` ո՞րն է այն ուղերձը, որը մենք պետք է փոխանցենք մեր համայնքին»:

Բայդեն. «Դուք պետք է փոխանցեք ձեր համայնքին, որ մենք հետ չենք կանգնել: Թուրքերը պետք է ճանաչեն այն, ինչն իրականություն է: Իսկ այն, ինչ մենք պետք է անենք` փոխզիջումն է, որի ուղղությամբ մենք աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք: Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահը զանգել է ինձ և ասել` մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք: Մենք հետ կանգնեցինք: Դա անցյալում է հիմա: Իրականությունը դաժան է»:

Tekali Taxi