Գլխավոր / Армения / «Ակվարիումի» համերգը Երևանում «զուսպ» անցավ

«Ակվարիումի» համերգը Երևանում «զուսպ» անցավ

Լեգենդար Բորիս Գրեբենշչիկովն իր` «Կարմիր գետը» համերգային ծրագրով հանդես է եկել Կիևում, Մոսկվայում, իսկ այժմ նաև Երևանում:

Երևանում Գրեբենշչիկովի համերգը կայացավ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ինչը բավական զարմացրել էր նրա երկրպագուներին, թեև Օպերայի կամերային մթնոլորտը «ոչ պաշտոնական» միջավայր էր ստեղծել:

Ինչևէ, համերգ անցկացնելու համար այլ «հարմար» վայր էլ չկար: Մարզահամերգային համալիրը Գրեբենշչիկովը դժվար թե կարողանար «լցնել»:

Համերգի առաջին հատվածում`, մինչև ընդմիջում, հանդիսատեսը բավական զուսպ էր. ամեն ելույթից հետո` ծափահարություններ, այնուհետև` լռություն: Հանդիսատեսի արձագանքն այնպիսին էր, ասես սիմֆոնիկ նվագախմբի համերգի էին եկել: Պարզ չէր` ով պետք է հարմարվեր` հանդիսատեսը, թե` Գրեբենշչիկովը պիտի փոխվեր ու ընդուներ, որ իրեն եկել են ընդամենը լսելու:

Նախ` հանդիսատեսին «տաքացնելու» համար, Գրեբենշչիկովն առաջարկեց երգել իր հետ միասին «Что нам делать с пьяным матросом» հատվածը` չիմանալով`ինչպես վարվել հայ հանդիսատեսի հետ: Դահլիճից որոշ ձայներ լսելի դարձան:, ինչից հետո երգիչն առաջարկեց երգել նախ` իգական սեռի ներկայացուցիչներին, այնուհետը` արական: Հայ հանդիսատեսը բավական «նրբանկատ» գտնվեց:

Ընդհանրապես, Հարավային Կովկասի հետ Գրեբենշչիկովը յուրահատուկ հարաբերություններ ունի: Բավական է հիշել «Գարնանային ռիթմեր: Թբիլիսի 80» ռոք փառատոնը, որը իր և իր խնբի համար ճակատագրական և շրջադարձային դարձավ:

1980 թվականին «Ակվարիում» խմբի ելույթն այդ փառատոնին ամենասկանդալայինն էր խմբի պատմության մեջ: Իրենց պահվածքի համար խմբի անդամներին մեղադրել էին միասեռականության մեջ, ինչպես նաև ինցեստը քարոզելու մեջ (երգի տողերից մեկը սխալ հասկանալու համար): Այս ամենի հետևանքով Բորիս Գրեբենշչիկովին ազատել էին աշխատանքից, վռնդել էին կոմսոմոլից, իսկ «Ակվարիում» խումբը պաշտոնապես արգելվել էր:

Իսկ այժմ Երևանում տեղի է ունեցել Գրեբենշչիկովի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը` հայերենով: Ի դեպ, հայերենն առաջին լեզուն է, որով թարգմանվել է Գրեբենշչիկովի գիրքը:

Ինչ վերաբերում է համերգին, ապա երկրորդ մասն ավելի ակտիվ անցավ,  հանդիսատեսն ավելի ազատ էր: Ընդմիջումից հետո հնչած առաջին երգի («Северный цвет») ժամանակ Գրեբենշչիկովին նվագակցում էր Ջիվան Գասպարյանը, ով հատուկ այս համերգի համար մեկ օրով հետաձգել էր Կրասնոդարում իր համերգը: Համերգին հնչեցին «Ակվարիում » խմբի նոր երգերը, ինչպես նաև մի քանի երգ ավելի վաղ շրջանից, այդ թվում` «Чай»-ը և «Поезд в огне»-ն:

Համերգի ավարտին երկրպագուներից մի քանիսը սկսել են այն երգերի անունները հնչեցնել, որ կցանկանային լսել, այդ թվում` «10 стрел»-ը, «Поезд в огне»-ն, «Город»-ը:

Համերգի ավարտին անդադար լսվում էին բիս և բրավո վանկարկումները:

Tekali Taxi