Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանում արդիական մաքսակետեր տեսնել

Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանում արդիական մաքսակետեր տեսնել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ:

Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ, շրջել` մաքսատան տարածքում, ծանոթացել սահմանային անցակետի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը եղել է նաև ռենտգենային տեսազննման համար նախատեսված շենքում և մաքսային ծառայության վարչական շենքում, որտեղ շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Նախագահը կարևորել է սահմանային անցակետերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը` ընդգծելով, որ պետք է արագ տեմպերով շարունակել արդիականացման ուղղությամբ սկսած աշխատանքը:

«Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից անցումային կետ ունենալ: Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, երկրորդը, երրորդը կարող եք ինքներդ որոշել, թեև կարծում եմ, որ այս հարցը հավասարապես վերաբերում է նաև Մեղրիի մաքսատանը: Այն քաշքշուկները, որ ստեղծվում են առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի են, նաև` անընդունելի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Հայաստան այցելող մեր հյուրերի համար»,- ընդգծել է ՀՀ նախագահը խորհրդակցության ժամանակ:

Tekali Taxi