Գլխավոր / Армения / Հայաստանի պատվիրակը զավեշտալի է համարել ՄԱԿ-ում Ադրբեջանի ելույթի փաստը

Հայաստանի պատվիրակը զավեշտալի է համարել ՄԱԿ-ում Ադրբեջանի ելույթի փաստը

Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընթացքում երեկ քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումներին մասնակցել է նաև Հայաստանը` ի դեմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, որը նշել է, որ այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետևանքների, պատերազմի ու ավերվածությունների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Նազարյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր սուվերենության օգտին ընտրությունը, և այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները:

Նա նաև կարևորել է ՄԱԿ-ի դերակատարումը և մանդատը երաշխավորելու համար ազգերի և ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրավունքի իրականացումը:

Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջև տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ: Հայաստանի ներկայացուցիչը զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միևնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Նա նաև հավելել է, որ «Մարդու և հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները մշտապես բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինվել են կամայական և անօրինական ակտերով: Միջազգային հանրությունն ականատես եղավ, որ շարունակվող քսենոֆոբիայի և անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ և բարբարոսությամբ: Սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների և, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի»:

Tekali Taxi