Գլխավոր / Армения / Վարչապետը նախարարների հետ զրույցում հիշել է ծաղկող կոռուպցիայի մասին

Վարչապետը նախարարների հետ զրույցում հիշել է ծաղկող կոռուպցիայի մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է որ վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում։

«Կոռուպցիան այս երկու ոլորտներում խորացել է։ Դրա մասին են վկայում և՛ վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրության համար արդեն հասանելի, և՛ մեր վերլուծությունները, և՛ մեր վերահսկողական ծառայություների աշխատանքները։ Մենք խորհրդակցություն ենք անցկացրել կրթության և գիտության նախարարությունում։ Հանձնարարվում է պարոն Աշոտյանին (Արմեն Աշոտյան` ՀՀ կրթության և գիտության նախարար – Epress.am) 10 օրվա ընթացքում ներկայացնել պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր, որպեսզի մենք այլևս չհանդուրժենք կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ։ Պետք է թարմացվեն խորհուրդների կազմերը բուհերում և այն անձանց, որ մենք ենք ներկայացնում, հստակ հանձնարարականներ պետք է տրվի, և այդ ուղղությունը պետք է լինի ամենակարևորը` բացահայտել թերությունները և այդ թերությունների դեմ պայքարել», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` նշելով, որ կառավարությունը լրջագույն դժգոհություններ են հասնում առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին:

«10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ» , – նշել է Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, որ կադրային փոփոխությունները առաջին քայլերն են այդ ուղղությամբ:

«Եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք», – հավելել է վարչապետը։

Tekali Taxi