Գլխավոր / Հայաստան / Ընդդիմադիրը չի բացառում, որ Ազատության հրապարակում ստրիպտիզ կկազմակերպեն

Ընդդիմադիրը չի բացառում, որ Ազատության հրապարակում ստրիպտիզ կկազմակերպեն

Իշխանությունները իրավիճակը կարողանում են պահել միայն ռեպրեսիվ մեթոդներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Այնուամենայնիվ, ընդդիմադիր գործչի խոսքով` «ամեն օր նրանց ռեպրեսիվ մեքենան քայքայվում է, նրանք էլ չեն հասկանում, թե հանուն ինչի պիտի ճնշեն ժողովրդին»:

ՀԱԿ համակարգողը, բերելով կոմունիստական Հունգարիայի և Լեհաստանի օրինակները, նշել է, որ նմանատիպ պայքարի արդյունքում այդ երկրների ռեպրեսիվ մեքենան հրաժարվեց ճնշելուց և պայքարողները հասան հաղթանակի:

Զուրաբյանը կարծում է, որ մեր երկրում թավշյա հեղափոխության նախադրյալների համար շատ նորմալ գործընթաց է գնում:
 
Խոսելով նաև Ազատության հրապարակի վերանվաճման ընդդիմության ծրագրի մասին` Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենց համար նշանակություն չունի` արդյոք իշխանությունների թատերական բեմականացումները Ազատության հրապարակում հաջողվում են, թե ոչ:

«Չեմ բացառում, որ կկազմակերպեն պաշտոնյաների ստրիպտիզ. ստեղծեցին մանուկների վահանը, բերեցին առևտրականներին, Ազատության հրապարակը ապականեցին այդ անիմաստ կարուսելներով, կարող են ստրիպտիզի էլ գնալ» ,- նշել է Լևոն Զուրաբյանը և հավելել է, որ Ազատության հրապարակի հարցով իրենք նաև դիմել են Եվրախորհրդին և ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին:

Հիշեցնենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու բազմաթիվ հայտեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնք մերժվել են: Նախկինում քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ Ազատության հրապարակում մանկական կարուսելների և ատրակցիոնների գործունեության պայմանագիր է կնքել, ապա հրապարակում Երևանի 2792-ամյակին նվիրված տոնախմբության փորձեր էին իրականացվում, իսկ այժմ այնտեղ տեղադրվել են հովանոցներ, որոնց տակ մանրածախ առևտուր է իրականցվում:

Tekali Taxi