Գլխավոր / Հայաստան / Վարդան Պետրոսյանը ռեկտորներին ու դասախոսներին խնդրում է չմասնակցել իր ներկայացումներին

Վարդան Պետրոսյանը ռեկտորներին ու դասախոսներին խնդրում է չմասնակցել իր ներկայացումներին

Դերասան Վարդան Պետրոսյանն իր «Վարք Հայաստանի» ներկայացում-հանդիպումներով հանդես է գալիս հայաստանյան բուհերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դերասանը պատմել է իր նախաձեռնության մասին` հանդես գալ միմիայն ուսանողների համար:

«Ես կազմակերպիչներից խնդրում եմ, որ դասախոսական կազմը, ռեկտորները, պրոռեկտորները ներկա չլինեն ուսանողների հետ իմ հանդիպմանը: Այն ինֆորմացիան, որ ես տալիս եմ հանդիպման ժամանակ ուսանողներին, բարդ է. շոկը և ցնցումը բավական մեծ են: Եվ դասախոսական կազմի ներկայությունը կկաշկանդի ուսանողներին հանդիպումից հետո ծավալվող երկխոսության ժամանակ», – ասել է Վարդան Պետրոսյանը:

Ներկայացումները դերասանը խաղում է անվճար: Դրանց միջոցով, մասնավորապես, անդրադառնալով Խաչատուր Աբովյանի ստեղծագործությանը և համեմատություններ անցկացնելով ժամանակակից իրականության հետ, Պետրոսյանը, իր իսկ խոսքով, փորձում է ուսանողներին բացահայտել մեր իրականության տարբեր կողմերը:

«Աբովյանն ինձ համար միջոց է: Աբովյանի գրվածքներով ես ցույց եմ տալիս մեր կրթական համակարգը, բարոյահոգեբանական վիճակը, սեռերի միջև հարաբերությունները», – պատմել է դերասանը:

Ի դեպ, որպես ներկայացումների կազմակերպիչ հանդես են գալիս հենց բուհերի ուսանողները:

Tekali Taxi