Գլխավոր / Հայաստան / Գործող իշխանություններին մեկ ամսվա ընթաքում թուլացրած 4 ուղղություններն` ըստ Կոնգրեսի

Գործող իշխանություններին մեկ ամսվա ընթաքում թուլացրած 4 ուղղություններն` ըստ Կոնգրեսի

Օղակը ռեժիմի շուրջ սեղմվում է: Այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Հայաստանում գործող իշխանությունների շուրջ ստեղծված իրավիճակին:

Զուրաբյանը 4 ուղղություններ է առանձնացրել, որոնք, ըստ բանախոսի, խնդրահարույց են իշխանությունների համար:

Որպես առաջին կետ Զուրաբյանը նշել է Հայաստանում առկա սոցիալական իրավիճակը: Համաձայն ՀԱԿ համակարգողի` երկրում սոցիալական վիճակի արագընթաց վատթարացում է, Հայաստանից 1,5 մլրդ դոլարի կապիտալի փախուստ կա, իշխանությունները բյուջեն չեն կարողանում հավաքել:

«Ռեժիմը չի հավատում իր ապագային», – հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
 
Համաձայն բանախոսի` երկրորդ ուղղությունը եվրոպական կառույցների ճնշումներն են, որոնք վերջին շրջանում ուժեղանում են:

Զուրաբյանը նշել է, որ այժմ վճռորոշ պահ է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարի համար:

ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ ընդդիմությունը տեղեկություններ ունի, որ այն եվրոպացի պաշտոնյաները, ովքեր այս ընթացքում այցելել են Հայաստան, ճնշումներ են գործադրել իշխանությունների վրա:

Դրա հետ մեկտեղ իրականացվող ՀԱԿ-ի ճնշումներն ավելի ակտուալ են դարձնում քաղբանտարկյալների ազատագրումը, կարծում է Զուրաբյանը` հավելելով, որ «իշխանությունների մանրախնդրության պատճառով նրանք քաղբանտարկյալներին կազատեն ոչ թե նոր տարուց առաջ, այլ հունվարին»:

Երրորդ կետը, որը թուլացնում է իշխանությունների դիրքերը, ըստ Զուրաբյանի, ԱՄՆ-ում և Ռուսաստանում գործող կրիմինալ խմբերի գործունեությունն է: Մասնավորապես, բանախոսը նշել է, որ «կրիմինալ խմբերի բացահայտումն ուժեղ հարված է հասցրել գործող ռեժիմին, որովհետև նրանց հետ կապեր են ունեցել»:

«Ռեժիմը լուրջ տնտեսական շահեր ուներ (նկատի ունի` այդ խմբերի հետ կապված – Epress.am), որոնք վտանգի տակ են», – ասել է Զուրաբյանը:

Եվ, վերջապես, որպես 4-րդ կետ նա մատնանշել է ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ճնշումների ահագնացումը:

Խոսելով Աստրախանի հանդիպման մասին` Զուրաբյանն ասել է, որ դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները, որոնց համաձայն մեկ ամսվա ընթացքում ղարաբաղյան կարգավորման խնդրում կարելի է հասնել արդյունքի,  վկայում են այն մասին, որ կա լուրջ հավանականություն, որ Աստանայում ինչ-որ որոշում կընդունվի: Նա, ամեն դեպքում, նշել է, որ հարյուրտոկոսանոց կանխատեսումներ անելն այս պահին սխալ մոտեցում է:

Զուրաբյանը հավելել է, որ, վերլուծելով իրավիճակը, հնարավոր է նկատել, որ մեկ ամիս առաջ վարչախումբն ավելի ուժեղ էր, և մեկ ամսվա մեջ «Սերժ Սարգսյանի վարչախմբին հասցված վնասները դեռ ծաղիկներն են»:

Tekali Taxi